15 դեկտեմբերի 2020 - 18:53 AMT
Կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել, ավելի վարակիչ

Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր մուտացիան ավելի վտանգավոր չէ մարդու համար, սակայն կարող է ավելի վարակիչ լինել: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հատուկ բանագնաց Դեյվիդ Նաբարոն։

Մեծ Բրիտանիայում հայտնաբերված կորոնավիրուսի նոր շտամը լուրջ մտահոգության պատճառ էր դարձել երկրի իշխանությունների համար։ Մուտացիան հայտնաբերվում է հիմնականում այն տարածքներում, որտեղ կորոնավիրուսի դեպքերն արագ են աճում։

Ավելի վաղ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկը տեղեկացրել էր, որ բրիտանացի գիտնականները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակ, ինչի հետ էլ կարող է կապված լինել Անգլիայի հարավ-արևելքում հիվանդության արագ տարածումը: Նրա խոսքով՝ նախնական վերլուծությունը ցույց է տալիս, որ վիրուսի այս տարբերակը տարածվում է ավելի արագ, քան արդեն հայտնի շտամները:

Դեկտեմբերի 15-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսը հաստատվել է 72․9 մլն մարդու մոտ, մահացել է 1,624,161 մարդ, առողջացել՝ 41․3 մլն-ը։

Photo. Reuters