«Սանիթեքը» միջազգային դատարան կդիմի

«Սանիթեքը» միջազգային դատարան կդիմի

PanARMENIAN.Net - Նախկինում Երևանի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերության տնօրինությունը հայտարարել է միջազգային դատարան դիմելու մասին՝ նշելով, որ «գործադիր իշխանության հրահանգներով ընկերության դեմ ապօրինի քրեական հետապնդումներ են իրականացվում»:

Հայտարարության մեջ նշվում է, որ կառավարությունը շարունակեց ցանկացած համագործակցություն մերժելու և ժխտելու իր գործելաոճը՝ «չթողնելով «Սանիթեքին» որևէ այլնտրանք, բացի սեղմ ժամկետներում Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոն (ICSID դատարան) ընդդեմ Հայաստանի պահանջ ներկայացնելուց՝ իր ներդրումների արժեքը վերականգնելու խնդրանքով, որը կազմելու է տասնյակ միլիոն դոլարներ»։

Նշվում է, որ քաղաքապետարանը հրաժարվել է կատարել իր վճարման պարտականությունները «Սանիթեք ընկերությունների» խմբի նկատմամբ՝ նախաձեռնելով մի շարք անհիմն հայցեր: Բացի քրեական գործեր հարուցելու և անհիմն հաղորդումներ ներկայացնելուց, դատախազության և քննչական մարմինների ռեսուրսները անիմաստ սպառելուց, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ Երևանի քաղաքապետարանն իրականացրել է «Սանիթեք ընկերությունների» խմբի հետ կնքված պայմանագրերի լուծման ապօրինի գործընթաց՝ նպատակ հետապնդելով փոխանցել այդ պայմանագրերը, այդ թվում նաև՝ «Սանիթեքի» գույքը Քաղաքապետարանին պատկանող ընկերությանը։

«Բացի «Սանիթեքից» ապօրինի կերպով բռնագրավված գույքից օգուտ ստանալու հանգամանքից, որը փոխանցվել է այդ նորաստեղծ ընկերությանը, Երևանի քաղաքապետարանն այսօր ծախսում է առնվազն 20 տոկոսով ավել գումար իր իսկ կողմից ստեղծված ընկերության միջոցով կազմակերպելով նույն ծառայությունները և միաժամանակ չվճարելով կիրառելի հարկերը, ինչի մասին կատարվել են բազմաթիվ հրապարակումներ:

Նշված գործողությունները հանգեցնում են «Սանիթեքի» ներդրումների էքսպրոպրիացիայի (ունեզրկում): Այս գործողությունների հետևանքով «Սանիթեք ընկերությունների» խումբը ստիպված է եղել դադարեցնել գործունեությունը և գնալ սնանկացման»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ «Սանիթեք ընկերությունների» խումբը բազմիցս դիմել է գործող իշխանություններին բանակցային գործընթացի վերադառնալու վերաբերյալ՝ հայտնելով լրացուցիչ ներդրումներ կատարելու իր պատրաստակամությունը, սակայն որևէ արձագանք չի ստացվել և բոլոր դիմումներն ու համաձայնության գալու փորձերը մնացել են անհետևանք:

«Սանիթեքը» Երևանի աղբահանությամբ էր զբաղվում 2014-ից։ Երևանի քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց առաջ գործող քաղաքապետ Հայկ Մարությանը իր նախընտրական ծրագրում խոստացել էր աղբահանությունն իրականացնող երկրորդ օպերատորին ներգրավել: Քաղաքապետարանը խզեց պայմանագիրն ընկերության հետ։ Ընկերության դեմ առանձնապես խոշոր չափի հարկեր չվճարելու դեպքի առթիվ քրեական գործ կա հարուցված։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---