«Հայաստան» հիմնադրամը 100-ից ավելի հադրութցու տեղավորել է հյուրանոցներում

«Հայաստան» հիմնադրամը 100-ից ավելի հադրութցու տեղավորել է հյուրանոցներում

PanARMENIAN.Net - «Հայաստան» համահայկական հիմնադրամը հանձն է առել հադրութցի ընտանիքների կեցության և սննդի կարիքների լուծումը. 100-ից ավելի արցախցի ժամանակավորապես բնակություն է հաստատել տարբեր հյուրանոցներում՝ հույս ունենալով, որ շուտով բոլոր դժվարություններն անցյալում կմնան:

Պատերազմի հետևանքով բազմաթիվ արցախցիներ են մնացել անտուն՝ թշնամուն թողնելով իրենց ամբողջ գույքն ու տարիների ստեղծածը: Տեղահանված արցախցիներից շատերը շարունակում են մնալ Հայաստանում՝ ապաստանելով տարբեր ժամանակավոր կացարաններում, հյուրատներում և հյուրանոցներում, գրում է Panorama.am-ը։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այցելել էր Արցախ և հանդիպել պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հետ: Քննարկվել են համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվող աշխատանքների ընթացքն ու նոր ծրագրերի գործարկման մանրամասները:

«Հիմնադրամը կփորձի ֆինանսավորել պատերազմի հետևանքով տուժած տների ու բնակարանների վերանորոգումը: Այս ծրագրի իրականացման համար մոտ $2 միլիոն կներդրվի»,– ասել է Հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---