Գարեգին Բ․ Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի

Գարեգին Բ․ Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի

PanARMENIAN.Net - Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, դեկտեմբերի 27-ին Սուրբ Գայանե եկեղեցում, որի բակում հավաքվել էին ՀԱԵ-ին զորակցող մարդիկ, հայտարարել է, որ եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի, գրում է «Առավոտը»։

Դեկտեմբերի 27-ին Սուրբ Գայանե եկեղեցու բակում հավաքվել էին «Ամուր կանգնենք եկեղեցու կողքին» խորագրով ցույցի մասնակիցները` ի սատարումն Հայ առաքելական եկեղեցու: Մարդիկ հավաքվել էին` ի պատասխան համացանցում եկեղեցու հասցեին հնչած բռնի կոչերին։ Կաթողիկոսն իր օրհնությունն էր տվել հավաքվածներին։

«Գնահատում ենք մեր զավակների սերն ու նվիրումը եկեղեցու հանդեպ: Անշուշտ, ժողովրդի շատ զավակներ այսօր եկել են այստեղ իրենց զորակցությունն արտահայտելու մեր Սուրբ եկեղեցուն՝ համացանցում եկեղեցու հասցեին հնչած բռնի կոչերին, սպառնալի կոչերին ի պատասխան։ Մենք գնահատում ենք մեր զավակների նախանձախնդրությունը, հավատարմությունը, սերն ու նվիրումը Առաքելական Սուրբ եկեղեցու հանդեպ»,- ասել է Գարեգին Բ-ն։

Կաթողիկոսն անդրադարձել է նաև այն հայտարարություններին, թե եկեղեցին փորձում է միջամտել քաղաքական գործընթացներին:

«Եկեղեցին առաջնորդվում է մեր ազգի, մեր հայրենիքի շահերով և համազգային հնչեղություն ունեցող հարցերի առնչությամբ նաև արտահայտում է իր վերաբերմունքն ու տեսակետը, և որևիցե կերպ սա այլ մեկնաբանություն չպետք է ունենա։ Եկեղեցին իր կարծիքն ազատ է արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի»,-ասել է նա։

Կաթողիկոսն ասել է նաև, որ չի կարող ասել` արդյո՞ք եկեղեցու դեմ հարձակումներն ուղղորդված են, որովհետև չգիտի՝ ովքեր են հարձակվողներն ու ինչ ծավալի հարձակումների մասին է խոսքը։

«Որոշ անհատներ, որոնք ունեին դժգոհություն, կարծիք, տեսակետ, վերաբերմունք Հայոց Հայրապետի, Հայ եկեղեցու վերին իշխանության նկատմամբ, արտահայտել են իրենց դիրքորոշումն այդ իրավիճակում, այդ կացության մեջ կատարել են այն, ինչը համարել են, որ պետք է թույլ տան իրենց»,- ասել է կաթողիկոսը` հիշելով 2.5 տարի առաջ եկեղեցու նկատմամբ հարձակումները:

Սբ Գայանե եկեղեցու բակում հավաքված քաղաքացիները կաթողիկոսին ուղեկցել են մինչև Վեհարան։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---