Սիսակ Գաբրիելյան՝ ծեծկռտուքի մասին․ Փորձել եմ ինքնապաշտպանվել

Սիսակ Գաբրիելյան՝ ծեծկռտուքի մասին․ Փորձել եմ ինքնապաշտպանվել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը, անդրադառնալով ԱԺ մոտ տեղի ունեցած միջադեպին և ծեծկռտուքին, ասել է, որ, աչքի առաջ ունենալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ տեղի ունեցածը, փորձել է ինքնապաշտպանվել:

«Իմ հասցեին էլ են հնչել հայհոյանքներ, ես տվել եմ համարժեք պատասխաններ»,- ասել է նա, գրում է «Ա1+»-ը։

«Ես գալիս էի աշխատանքի, տեսա, որ ճանապարհահատվածը փակ է, կանգնեցի աջ հատվածի վրա, նկատեցի, որ մոտ 10-15 քաղաքացի վազելով մոտենում են իմ մեքենային, մեջները կային ագրեսիվ վարքագիծ դրսևորողներ։ Պատուհանս իջեցրի, ասացի՝ ի՞նչ եք ուզում, մի քանիսը սկսեցին հայհոյել, ես ասացի՝ չեմ փախնում, 3-4-ի դեմքն եմ շատ լավ հիշում, ծաղրական, խուլիգանական արտահայտություններ էին անում։ Ես պատուհանները բարձրացնում եմ, ասում եմ՝ ոստիկանությունը գուցե կգա, կմիջամտի, երբ փակում եմ պատուհանս, մեկ-երկու ուժեղ հարված է լինում մեքենային, իջեցնում եմ պատուհանը, ասում եմ՝ ով հարվածեց, հետո իջնում եմ մեքենայից»։

Գաբրիելյանը նշել է, որ մինչև իր մեքնային հարվածելը որևէ մեկին չի վիրավորել և պատրաստ է եղել իջնել և նրանց հետ զրուցել, մինչդեռ նրանք չեն ցանկացել հարցը լուծել քաղաքակիրթ։

Պատգամավորի խոսքով՝ որպես քաղաքացի ինքն էլ ունի հարցրեր, որոնց պատասխանը չի ստացել։

Ինչ վերաբերում է մանդատը վայր դնելուն, Գաբրիելյանն ասել է՝ որ պահին զգա, որ այս կարգավիճակով կարող է ավելի քիչ օգուտ տալ քաղաքացիներին, որևէ կաշկանդվածություն չունի մանդտը վայր դնելու հարցում։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի ու Անդրանիկ Քոչարյանի մասնակցությամբ միջադեպեր են եղել, քաղաքացիներն առանձին հատվածներում փակել են նրանց մեքենաների ճանապարհը, խոչընդոտել ընթացքն ու վեճի բռնվել նրանց հետ, Գաբրիելյանին հարվածել են ձվով։

Քաղաքացիներից մեկը հարվածել է Գաբրիելյանի մեքենային, ինչից հետո նա իջել է մեքենայից ու վեճի բռնվել հավաքվածների հետ, պատգամավորն ու քաղաքացիները փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել, մոտ 1 րոպե տևած քաշքշուկից հետո պատգամավորը հեռացել է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---