ԱԺ-ին խնդրում են անփոփոխ թողնել ծխախոտի դեմ պայքարի օրենսդրության բոլոր դրույթների կատարման ժամանակացույցը

ԱԺ-ին խնդրում են անփոփոխ թողնել ծխախոտի դեմ պայքարի օրենսդրության բոլոր դրույթների կատարման ժամանակացույցը

PanARMENIAN.Net - «Հայաստանի համար» հանրային առողջության աշխատանքային խումբը և «Հայաստանն առանց ծխախոտի» դաշինքը հորդորել են Ազգային ժողովի պատգամավորներին քվեարկել՝ անփոփոխ թողնելու ծխախոտի դեմ պայքարի օրենսդրության բոլոր դրույթների կատարման ժամանակացույցը։ Նրանք կոչ են արել «փրկել սերունդներին ծխախոտի և նիկոտինի կախվածության վտանգներից, ինչպես նաև երկրորդային ծխի ազդեցությունից»:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2021-ի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք դրույթներ: Ըստ այդմ՝ մասնավորապես արգելվում էր փակ տարածքներում ծխախոտի օգտագործումը, արտադրատեսակների փոխարինիչների հրապարակային ցուցադրումը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում։ 2020-ի վերջին ԱԺ-ին առաջարկվում է օրենքի՝ դեռ ուժի մեջ չմտած դրույթների ժամետները հետաձգել։

Դեկտեմբերի 18-ին թեմային անդրադարձել էին նաև Առողջապահության նախարարությունից՝ նշելով, որ իրենց համար անհանսկանալի է «Ծխախոտի մասին» օրենքի 2021թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող դրույթների հետաձգման վերաբերյալ նախագիծը կրկին ԱԺ օրակարգ բերելը, երբ «երկիրը պետական բոլոր ինստիտուտների կողմից դիմագրավում պահանջող բազմաթիվ մարտահրավերների առաջ է»։

Օրենքի կիրառումը հետաձգելու վերաբերյալ Տնտեսական հարցերի հանձնաժողովի առաջարկությունը կազմակերպությունները որակել են «ոչ հեռատեսական և վնասակար»:

«Հայաստանում անհրաժեշտ է ներդնել բոլոր ջանքերը մեր երիտասարդությանը այս կախվածության վարքագծից պաշտպանելու և հաջորդ սերունդների առողջությունն ապահովելու համար։ Նրանց առողջությունը կնպաստի նաև տնտեսության զարգացմանը։ Մենք վճռականորեն հավատում ենք, որ այս օրենքների կարճաժամկետ տնտեսական հետևանքները աննշան կլինեն, եթե նույնիսկ այդպիսիք լինեն»,-հայտարարել են կազմակերպությունները։

Կազմակերպություններն ընդգծել են, որ Հայաստանն ունի ծխելու ամենաբարձր տարածվածություններից մեկը ողջ Եվրոպայում: 18 տարեկանից բարձր տղամարդկանց գրեթե 51%-ը կանոնավոր ծխողներ են: Համաձայն ԱՀԿ-ի վերլուծության կանխատեսվում է, որ այսօր Հայաստանում 591,000 չափահաս ծխողներից 295 500-ը վաղաժամ կմահանան, եթե ազգային մակարդակում ծխելը նվազեցնելու միջոցներ չձեռնարկվեն: Այս թիվը ներկայացնում է Հայաստանի ընդհանուր բնակչության ավելի քան 10%-ը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---