ՀՀ 71 խոշոր ընկերություն «Մանթաշով» միության անունից կոչ է անում չերկարաձգել կարանտինը

ՀՀ 71 խոշոր ընկերություն «Մանթաշով» միության անունից կոչ է անում չերկարաձգել կարանտինը

PanARMENIAN.Net - Հայաստանի 71 խոշոր ընկերություն «Մանթաշով» գործարարների միության անունից կոչ է անում չերկարաձգել կարանտինը, ասվում է միության ֆեյսբուքյան էջում։

Միության հայտարարությունում նշվում է, որ 2020-ին կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով Հայաստանի տնտեսությունն ահռելի կորուստներ է կրել՝ ունենալով առնվազն 8% անկում։ Դա իր հետ բերել է աշխատատեղերի կրճատում, աղքատության թվի ավելացում, սոցիալական լարվածություն, ապրանքների և ծառայությունների մրցունակության նվազում։

«Գրեթե 10 ամսվա կարանտինի հետևանքները չվերացրած՝ ևս 6 ամսով կարանտինի երկարացումը, մեր համոզմամբ, պարալիզացնելու է հայաստանյան տուրիստական, ռեստորանային, հյուրանոցային, միջոցառումների կազմակերպման և այլ ոլորտների գործունեությունը, միաժամանակ ծանր հոգեբանական ճնշում է գործադրելու հասարակության վրա: Այսօր առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել տնտեսությունն օր առաջ վերականգնելու համար:

Միաժամանակ հարկ է նշել, որ առողջապահական համակարգն արդեն ունի փորձ համաճարակին դիմագրավելու համար, հետևաբար առաջարկում ենք չեղյալ ճանաչել կառավարության որոշումը՝ կարանտինը Հայաստանի Հանրապետությունում 6 ամսով երկարաձգելու մասին»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ կարանտինը երկարացնելու նախագիծն իրենց հետ չի քննարկվել, նախարարությունը դեմ է դրան։ Նա նշել էր, որ իրենք կքննարկեն և «միայն շատ ծանրակշիռ փաստարկների դեպքում կկարողանան այդ առաջարկի որոշ կետերի հետ համաձայնել»։ Քերոբյանի խոսքով՝ այժմ տնտեսությանն ամենաշատն է անհրաժեշտ թթվածին և պետք է ամեն ինչ անել, որ այն հնարավորինս բաց աշխատի:

Առողջապահության նախարարությունն առաջարկում է 6 ամսով երկարացնել կարանտինը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---