ՀԺ․ «Իմ քայլը» ԲԴԽ անդամի թափուր պաշտոնի համար Ջհանգիրյանի թեկնածությունն է քննարկում

ՀԺ․ «Իմ քայլը» ԲԴԽ անդամի թափուր պաշտոնի համար Ջհանգիրյանի թեկնածությունն է քննարկում

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն արդեն երկար ժամանակ է՝ քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թափուր պաշտոնը լրացնելու թեկնածություններ և, կարծես, որոշել է առաջադրել նախկին զինդատախազ, Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանին:

Ըստ աղբյուրի՝ «Իմ քայլում» հասկանում են, որ ԲԴԽ անդամի պաշտոնում նրա առաջադրման որոշումը միանշանակ չի ընդունվելու հանրության մի հատվածի կողմից, սակայն որոշել են նախապատվությունը տալ մասնագիտական հմտություններին:

ՀԺ-ի տեղեկություններով՝ հունվարի 13-ին խմբակցությունը նախատեսում է ԱԺ-ում հանդիպում ունենալ Ջհանգիրյանի հետ, որից հետո նրա թեկնածությունն առաջադրելու մասով վերջնական որոշում կկայացվի:

ԲԴԽ 5 անդամի ընտրում է Ազգային ժողովը, մյուս 5 անդամն ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից։ 2020- նոյեմբերի 23-ին դադարեցվել են ԲԴԽ նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանի լիազորությունները: ԲԴԽ մեկ այլ անդամի՝ Արմեն Հայկյանցի թեկնածությունն էլ, ի թիվս 4 այլ մասնագետների, առաջադրվել է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում: Նա այս պահին ԲԴԽ անդամի ժամանակավոր պաշտոնակատար է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---