ԱԱԾ պետի նախկին ԺՊ-ն՝ պատերազմը չկանգնեցնելու, որոշումների կայացման ու իր ազատվելու պատճառների մասին

ԱԱԾ պետի նախկին ԺՊ-ն՝ պատերազմը չկանգնեցնելու, որոշումների կայացման ու իր ազատվելու պատճառների մասին

PanARMENIAN.Net - Հայաստանում ստեղծված իրավիճակի միակ ելքն իշխանափոխությունն է, երկիրը սպառնալիքի տակ է, «իսկ այս պայմաններում լռելը ճիշտ չէ», 5-րդ ալիքի եթերում հայտարարել է Ազգային անվտանգության ծառայության տնօրենի նախկին ժամանակավոր պատոնակատար Միքայել Համբարձումյանը: PanARMENIAN.Net ն առանձնացրել է նրա ուշագրավ մտքերից մի քանիսը։

ԱԱԾ տնօրենին փոխելու մասին

ԱԱԾ տնօրենը տիրապետում է հույժ գաղտնի տեղեկությունների, ինֆորմացիայի աղբյուրների և այդ պաշտոնում մարդկանց հաճախակի փոփոխությունները, բնականաբար, բացասական ազդեցություն են ունենում, և աշխատանքի կազմակերպման առումով, նաև, երբ անձը երկար ժամանակ մնում է ժամանակավոր պաշտոնակատար, անվտանգության առումով ռիսկեր են առաջանում։

Համբարձումյանն ասել է, որ սեպտեմբերի 30-ին ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանն ասել է, որ իր վրա են դրվում ծառայությունը ղեկավարելու պարտականությունները, հոկտեմբերի 8-ին վարչապետն իրեն տեղեկացրել է, որ Քյարամյանն ազատվում է պաշտոնից և ինքն է նշանակվում։ Վարչապետը նաև ասել է, որ պաշտոնից պետք է ազատվի ռազմական հակահետախուզության պետը։

Ռազմական հետախուզության վարչության պետին հեռացնելու «անհասկանալի հրամանը»

Ինձ համար խիստ անհասկանալի էր ռազմական հակահետախուզության վարչության պետի պաշտոնանկությունը, այն էլ պատերազմական պայմաններում, երբ նա 24-ժամյա ռեժիմով համակարգում էր ամբողջ ռազմական հակահետախուզության աշխատանքը։ Փորձեցի պարզաբանում ստանալ վարչապետից, ի վեջո խոսքը գեներալ-մայորի մասին է, որին պետք էր կանչել ու ասել, թե դու աշխատանքից ազատվում ես։ Ինձ լիարժեք բավարարող պատասխան չստացա, բայց ռազմական դրության պայմաններում ղեկավարի հրամանները չեն քննարկվում։ Ամեն դեպքում, հրավիրել եմ վարչության պետին, ասել, որ ազատվում է, նա ևս, որպես զինվորական, չի քննարկել և անմիջապես վերցվել է կադրերի ռեզերվի տրամադրության տակ, նշանակվել է վարչության նոր ԺՊ։

ԱԱԾ պետի նախկին ԺՊ-ն իր հրաժարականի կոնկրետ առիթը չի բացահայտում, բայց 3 պատճառ է ասել

Հոկտեմբերի 28-ը. այդ օրը դիմեցի վարչապետին, ասացի, որ ցանկանում եմ ազատվել պաշտոնից, չընդունեց իմ հրաժարականը, և հարցը մնաց առկախված։ Այդ պահին չէի կարող պնդել իմ ցանկությունը, ամեն վայրկյան գործողություններ էին տեղի ունենում։ Նոյեմբերի 8-ին վաչապետն ասաց, որ որոշվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակել Արմեն Աբազյանին, շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար։ Առիթը, որի պատճառով հրաժարական եմ ներկայացրել, չեմ կարող հանրայնացնել, բայց պատճառներից կառանձնացնեի երեքը։

Առաջինն այն էր, որ հեղափոխությունից և նոր իշխանության ձևավորումից հետո վստահության պակաս կա ծառայության հանդեպ, մասնավորապես այն անձանց նկատմամբ, որոնք երկար տարիներ աշխատել են համակարգում։ Տնօրենի պաշտոնում, երբ վարչապետի հետ անմիջականորեն էի շփվում, այդ տպավորությունը հաստատվեց։ Ուստի, կարծում եմ, որ ծառայության ղեկավարը պետք է լինի իշխող քաղաքական թիմի ներկայացուցիչ։ Ծառայությունում աշխատում են նվիրյալներ, որոնք հայրենասերներ են և աշխատում են երկրի համար, բայց հաճախ ենթարկվում են իշխանամետ մամուլի քննադատության կամ ֆեյքային հարձակման։ Եվ պարզ չէ՝ քո աշխատանքը գնահատվում է, թե չի գնահատվում։

Երկրորդ պատճառն այն էր, որ ես չէի կարողանում հասկանալ, թե ինչու պատերազմը չի կասեցվում։ Երբ մենք և Պաշտպանության նախարարությունը ամենօրյա ռեժիմով զեկուցում էինք մեր կորուստների մասին, մեր խնդիրների, հեռանկարի մասին։ Տեսնում էինք, որ զինադադարը չի հաջողվում, բայց ինչու պատերազմի ընթացքը չէր կասեցվում և սկսվում բանակցային պրոցես։ Պատասխանը ոչ մի կերպ չէի գտնում։

Եվ երրորդ պատճառը՝ հասկանալի չէր, թե ինչ նպատակ է հետապնդում իշխանությունը՝ պատերազմը չկասեցնելով։ Ուր ենք մենք գնում, ինչ վերջնակետ ենք մենք ակնկալում, ի վերջո հյուսիսային շրջաններն էլ ենք կորցնելու, այնտեղից էլ գան հասնեն Ստեփանակե՞րտ։ Այս ամբողջի համակցությունից իմ մեջ այդ որոշումը հասունացավ։

Պատերազմը կանգնեցնելու որոշում չի կայացվել

Ինքս ամենժամյա ռեժիմով եմ վարչապետին զեկուցել պատերազմում տիրող դրության մասին, մեր կորուստների մասին և ներքաղաքական իրավիճակի, տիրող տրամադրությունների մասին։ ԱԽ նիստերին ևս մանրամասն ներկայացվել է տիրող իրավիճակը։ Այնուամենայնիվ, պատերազմը կանգնեցնելու որոշում չկայացվեց։ Հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերից, այլ աղբյուրներից եկած ինֆորնացիայից պարզվեց, որ դեռևս հոկտեմբերի 19-ին նման առաջարկ եղել է ՌԴ ղեկավարության կողմից։ Կոնկրետ, կետային առաջարկներ են եղել, թե ինչ է պետք անել։ Այսինքն, ըստ էության, կյանքի էր կոչվելու Լավրովի պլանը։ Ինչո՞ւ չէին քննարկում Ռուսաստանի առաջարկները՝ չեմ կարող ասել։ Դրանք ոչ Անվտանգության խորհրդի նիստերում, ոչ էլ հանրությանը չեն ներկայացվել։ Նոյեմբերի 7-ի դրությամբ, իմ հրաժարական տալու օրը, ես դրանց մասին չեմ իմացել։ Երբ տեղեկացա այդ առաջարկների մասին, ոչ թե վարչապետից, այլ իմ գործընկերներից, բնականաբար այդ հարցը ծագեց՝ ինչո՞ւ ենք ուշացնում։ Դա էր տարածքային և մարդկային քիչ կորուստներ տալու միակ ռեալ հնարավորությունը։

Մեղավորների մասին

Եթե պետությունը կազմակերպական խնդիրներ չունենար՝ այս արդյունքը չէր լինի։ Ինչ է՝ մենք տներում ունեի՞նք սաղավարտ ու զրահաբաճկոն, որ կոչ էր արվում իրենց հետ վերցնել ու մեկնել ռազմաճակատ։ Իմ շրջապատում նման մարդկանց չեմ ճանաչում։ Ես խնդիրներ էի տեսնում մոբիլիզացիայի հետ կապված, խնդիրներ էի տեսնում մեր կամավորական ջոկատների Արցախ անկանոն մեկնելու հետ կապված, այնտեղ ընդունելու, տեղաբաշխելու հետ կապված, խնդիրներ էի տեսնում այդ նույն սաղավարտների ու զրահաբաճկոնների անհրաժեշտ քանակի հետ կապված, խնդիրները շատ էին ու հետևանքը մենք տեսանք։

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև միջնորդավորված կապի, $5 մլրդ Արցախի անվտանգության գոտի համարվող շրջաններն Ադրբեջանին զիջելու թեման թե չուսումասիրվի, եթե համոզիչ բացատրություններ չտրվեն, հավատացեք, որ նույնիսկ իմ մեջ, որ ասել եմ, թե վարչապետը դավաճան չէ, կասկածներ կծագեն։

Որքանով ես գիտեմ՝ իրավապահ մարմինները զբաղվում են այս հարցով, չեն կարող չզբաղվել։ Սա կարևորագույն խնդիր է, խորությամբ ու մանրամասն պետք է քննվի, քանի անգամ են հանդիպել, խոսակցությունների ձայնագրություններ և այդ ամենը պետք է արվի հրապարակային։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---