3 փետրվարի 2021 - 11:43 AMT
Նավալնին առաջիկա տարիները բանտում կանցկացնի․ Ցույցերի բազմաթիվ անդամներ ձերբակալվել են

Հայտնի ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 2 տարի 8 ամիս ազատազրկման և ազատ կարձակվի միայն 2023-ի աշնանը՝ նրա պայմանական պատիժը փոխարինվել է իրականով։ Դատավճռի դեմ բողոքի ակցիաների բազմաթիվ մասնակիցներ ձերբակալվել են, գրում է Meduza-ն։

Մոսկվայի քաղաքային դատարանը պայմանական դատավճիռը «Իվ Ռոշեի» գործով, որով նա դատապարտվել էր 3․5 տարվա պայմանական ազատազրկման, փոխարինել է իրականով։ Այն ժամանակը, որը նա անցկացրել է տնային կալանքի տակ` 10 ամիսը, կհանվի ընդհանուր ժամկետից։ Նրան մեղադրել են պայմանական ազատազրկման պահանջները խախտելու մեջ։

Ըստ BBC-ի` Մոսկվայում ձերբակալվել է 1145 մարդ, Պետերբուրգում՝ 248։

Ռոսգվարդիան նախապես շրջափակել էր Մոսկվայի քաղաքային դատարանի շենքը, ավելի ուշ զբաղեցրել Մոսկվայի ամբողջ կենտրոնը, որտեղ ընթանում էր Նավալնու դատապարտման դեմ բողոքի ակցիան։

Նավալնու թիմակիցները կոչ էին արել նրա աջակիցներին հավաքվել դատարանի շենքի մոտ և սատարել նրան, սակայն որոշվեց դատական նիստն արտագնա անցկացնել՝ Մոսկվայի քաղաքային դատարանի շենքում, որը գտնվում է քաղաքի մյուս մասում։

Դատական նիստին ներկա էին ԱՄՆ, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Չեխիայի, Ավստրիայի և արևմտյան այլ երկրների դեսպանատների ներկայացուցիչներ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան դա անվանել է «միջամտություն ՌԴ ներքին գործերին»։

Օգոստոսի 20-ին Նավալնու ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկ-Մոսկվա թռիչքի ժամանակ։ Նա կոմայի մեջ էր ընկել և շտապ հոսպիտալացվել Օմսկում։ 2 օր անց նրան տարհանեցին Բեռլին։ Սեպտեմբերի 2-ին Գերմանիայի կառավարությունը հայտարարեց, որ Նավալնուն թունավորել են «Նովիչոկ» խմբի նյարդապարալիտիկ նյութով։ Սեպտեմբերի 7-ին բժիշկները դուրս են բերել նրան բժշկական կոմայից։ Ալեքսեյ Նավալնին սեպտեմբերի 22-ին դուրս է գրվել գերմանական «Շարիտե» կլինիկայից։ Հունվարի 17-ին Նալավնին ձերբակալվել էր Շերեմտևո օդանավակայանում՝ Բեռլինից վերադառնալուց անմիջապես հետո։