Նախարար․ Բյուջեի դեֆիցիտի պայմաններում պետպարտքի աճն անխուսափելի է

Նախարար․ Բյուջեի դեֆիցիտի պայմաններում պետպարտքի աճն անխուսափելի է

PanARMENIAN.Net - Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, կառավարության նիստում անդրադառնալով պետական պարտքի աճին, հայտարարել է, որ քանի դեռ կա պետական բյուջեի դեֆիցիտ, պետպարտքի բացարձակ մեծության աճն անխուսափելի է։

«Առաջին հայացքից բացարձակ թվով աճն ընկալվում է որպես բացասական երևույթ, բայց պետք է հաշվի առնել, որ պետական պարտքի ցուցանիշը հետևանք է հարկաբյուջետային քաղաքականության և պետական բյուջեի։ Այն երկիրը, որն ունի դեֆիցիտ իր պետական բյուջեում, չի կարող մտածել բացարձակ թվով պարտքի նվազման մասին: Որևէ տարվա պետական բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորվում է ներգրավվող փոխառու միջոցների ճանապարհով»,- ասել է Ջանջուղազյանը:

Նա հավելել է նաև, որ բացարձակ մեծությունից բացի, հաշվի են առնվում հարաբերական ցուցանիշները:

«Համախառն ցուցանիշը, որն օգտագործվում է պարտքի բեռի գնահատման համար, պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունն է: Բազմաթիվ այլ ցուցանիշներ ևս կան, որոնցով ներդրողները որոշում են, թե որքանով է ռիսկային տվյալ պարտքը ներգրավվելու մտադրություն ունեցող թողարկողը»,- ասել է Ջանջուղազյանը:

Հայաստանի համախառն պետական պարտքը 2020-ին ավելացել է $647․2 միլիոնով և մոտեցել $8 միլիարդի։ 2020թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ պետպարտքը կազմում էր $7,968․5 մլն։ Ըստ Fitch Ratings-ի հոկտեմբեր ամսվա կանխատեսման, ՀՀ պետպարտքը 2020-ի վերջում հասնելու էր ՀՆԱ-ի 63․9%-ի (2019-ին այն կազմում էր 53․5%)։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---