Covid-19-ի դեմ պատվաստումը կամավոր ու վճարովի կլինի՝ բացի խոցելի խմբերից

Covid-19-ի դեմ պատվաստումը կամավոր ու վճարովի կլինի՝ բացի խոցելի խմբերից

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ կորոնավիրուսի դեմ պետպատվերի շրջանակում կարող են պատվաստվել ռիսկային խմբում ներառված քաղաքացիները։ «Արդեն հաստատվել է այդ ցանկը»,- ասել է նա։

Նախարարը մանրամասնել է՝ պետական պատվերի շրջանակում կորոնավիրուսային պատվաստանյութ կստանան 65 տարին լրացած անձինք, բուժաշխատողները, քրոնիկ հիվանդություններ ունեցող քաղաքացիները և փակ հաստատություններում գտնվող շահառուները, գրում է Panorama.am-ը։

Անահիտ Ավանեսյանը հստակեցրել է նաև՝ երեխաներն այս պահին պարտադիր պատվաստման ծրագրում ընդգրկված չեն։

Նախարարը նշել է նաև, որ ռիսկային խմբից դուրս անձանց համար պատվաստումը վճարովի է լինելու։

«Պատվաստումները չեն կրելու պարտադիր բնույթ։ Պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների վերաբերյալ բոլոր տեղեկությունները տրամադրվում են։ Ու, իհարկե, Հայաստան ներմուծվող պատվստանյութերը գնահատվելու են մասնագիտական խմբի կողմից, կգնահատվի դրանց արժեքը, ազդեցությունը, բոլոր կողմնակի երևույթները։ Ասեմ, որ արդեն փոքր թվով պատվաստումներ սկսվել են»,- ասել է նա։

Նախարարը տեղեկացրեց, որ լայնածավալ պատվաստումներ կիրականացվեն մարտ ամսից սկսած։

Նա նաև նշել է, որ Հայաստանում մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել AstraZeneca և «Սպուտնիկ V» պատվաստանյութերին։

Թե պետությունը որքան գումար է հատկացնելու պատվաստանյութ գնելու համար, Անահիտ Ավանեսյանը չի պատասխանել՝ ասելով, որ այս փուլում դեռ չի կարող հստակ ինֆորմացիա տրամադրել։

Հայնի չէ նաև, թե պատվաստանյութն ինչ արժեք կունենա քաղաքացիների համար, որոնք հնարավորություն չունեն պետական պատվերի շրջանակում այն ստանալու։

Փետրվարի 18-ի դրությամբ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մոտ 170,000 է հասել, երկրում փաստացի բուժվողների թիվը 4293 է։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---