ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն Փաշինյանի հրաժարականն են պահանջում. Քաղաքացիական պատերազմի ու Մարտի 1-ի վտանգ կա

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն Փաշինյանի հրաժարականն են պահանջում. Քաղաքացիական պատերազմի ու Մարտի 1-ի վտանգ կա

PanARMENIAN.Net - Խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը կոչ է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանին «երկիրը չտանել քաղաքացիական պատերազմի, չթափել հայի արյուն», «Լուսավոր Հայաստանից» հայտարարել են, թե «գործընթացները քաղաքական հուն անհապաղ վերադարձնելու անհրաժեշտություն կա»։ Ընդդիմադիր երկու կուսակցությունն էլ պահանջում են Փաշինյանի հրաժարականը:

44-օրյա պատերազմից հետո Հայաստանում ընդդիմությունը և փետրվարի 25-ին նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջում են վարչապետի հրաժարականը: ԳՇ հայտարարությունից հետո Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ, Գլխավոր շտաբի գործողությունը որակել՝ «ռազմական հեղաշրջման փորձ»:

ԲՀԿ-ից բեկումնային են համարել ժողովրդի և պետականության կողքին կանգնելու մասին Գլխավոր շտաբի հայտարարությունը, նշել, որ իրենք ամեն ինչ անելու են՝ «խաղաղ և անցնցում իշխանափոխություն ապահովելու համար»:

«Նիկոլ Փաշինյանն ունի վերջին հնարավորություն քաղաքական ճանապարհով անցնցում հեռանալու, մեր առանց այդ էլ պատերազմից հետո բզկտված պետականությունը վերջնականապես չվտանգելու: Մենք թույլ չենք տալու, որ մեր երկրում հայի ձեռքով հայի արյուն թափվի, մենք թույլ չենք տալու որպեսզի իր իշխանությունն օր ավել երկարաձգելու մոլուցքով տառապող անձը մեր հայրենակիցներին տանի բախումների: Մենք պետականություն ենք կորցնում»,-հայտարարել են կուսակցությունից՝ կոչ անելով ուժայիններին դուրս չգալ ժողովրդի դեմ:

«Լուսավոր Հայաստանից» նշել են, որ երկրում քաղաքական ճգնաժամը խորանում է և այն քաղաքական հուն չվերադարձնելու դեպքում «մեծ է բախումների և նոր Մարտի 1-ի վտանգը»։

«Մենք երբեք չպետք է մոռանանք այդ դասն ու թույլ չտանք, որ կրկին Հայաստանում հայը հայի վրա ձեռք բարձրացնի։ Գործընթացները պետք է մնան սահմանադրականության շրջանակներում, և իրականացվի անցնցում իշխանափոխություն: Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս հնարավոր չէ»,-հայտարարել են կուսակցությունից:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ փաստացի, ադրբեջանական զինված ուժերը հայտնվել են ռուս խաղաղապահների թիկունքում
Նշվում է նաև, որ ներխուժած ադրբեջանական ստորաբաժանումները մարտի լույս 25-ի գիշեր կրակ են բացել
Դեսպանատան ոչ մեծ թվով աշխատակիցներ դիտարկել են ընտրությունները՝ որպես այցելուներ
Շրջանառության մեջ կդրվի սահմանագծման և սահմանազատման հիմնախնդիրներին վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ
---