Մնացականյան․ Հայերը ստիպված են դիմակայելու ոչ միայն արտաքին, այլև երկիրը կործանման տանող իշխանությանը

Մնացականյան․ Հայերը ստիպված են դիմակայելու ոչ միայն արտաքին, այլև երկիրը կործանման տանող իշխանությանը

PanARMENIAN.Net - Գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել Զինված ուժերի Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին: Այդ մասին ասվում է նրա հայտարարության մեջ։

Մնացականյանը նշել է, որ հայ ժողովուրդը ստիպված է դիմակայելու «ոչ միայն արտաքին, այլև երկիրը կործանման տանող այսօրվա ապազգային իշխանություններին»:

«Մենք ազգովին նորից ապրում ենք պատմական ու ճակատագրական պահ։

Որպես Արցախի ազգային-ազատագրական պայքարի ակունքներում կանգնած և Հայոց բանակաշինության գործում համեստ ավանդ ունեցած հայ մարդ, չեմ կարող պասիվ դիրք գրավել այս դժվարին ժամանակահատվածում, երբ վճռվում է Հայրենիքի լինել-չլինելու հարցը։

Ելնելով ստեղծված պատմական անհրաժեշտությունից՝ իմ համերաշխությունն ու աջակցությունն եմ հայտնում ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի և զորամիավորումների ղեկավար կազմի կողմից ՀՀ վարչապետին և կառավարությանն ուղղված հրաժարականի պահանջին։

Միաժամանակ իմ հորդորն ու կոչն եմ ուղղում ուսադրի արժեքն ու ծանրությունը գիտակցող ուժային կառույցներում ծառայող բոլոր արժանապատիվ սպաներին՝ իրենց վստահված պաշտոնական դիրքում լինել ազնիվ ու անաչառ Հայրենիքը վերահաս աղետից փրկելու գործում։ Պատիվ ունեմ»,- ասվում է հայտարարության մեջ:

Փետրվարի 25-ին Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել է վարչապետի հրաժարականը: Փաշինյանը ԳՇ գործողությունը որակել է ռազմական հեղաշրջման փորձ:

Վարչապետն ավելի վաղ պաշտոնից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին և նրա առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին: Զինվորականների հայտարարությունից հետո Փաշինյանն իր կողմնակիցներին կոչ է արել հավաքվել Հանրապետության հրապարակում: Ընդդիմությունն իր հավաքն անցկացնում է Ազատության հրապարակում։

Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինայնն ասել է, որ բանակը պետք է ենթարկվի ժողովրդին ու նրա ընտրած իշխանությանը և ինքը որպես վարչապետ բոլոր զինվորականներին հրամայում է զբաղվել իրենց գործով՝ ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմանմբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---