Կաթողիկոսը կարևորել է զոհների, գերիների, անհետ կորածների ընտանիքների հոգևոր խնամքը

Կաթողիկոսը կարևորել է զոհների, գերիների, անհետ կորածների ընտանիքների հոգևոր խնամքը

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը փետրվարի 28-ին Էջմիածնում Երևանի պետական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է վիրավորների, զոհվածների, գերության մեջ հայտնվածների և անհայտ կորածների ընտանիքներին հոգևոր խնամքի կարևորության մասին։

Ուսանողները Էջմիածին էին եկել համալսարանի դեկանի տեղակալ Միքայել Մալխասյանի գլխավորությամբ։ Նրանք ԵՊՀ-ի «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներն են։

Նշվել է, որ, նկատի ունենալով խնդրի նրբությունը, հոգևորականների համար կազմակերպվել են վերապատրաստման հատուկ դասընթացներ՝ համապատասխան մասնագետների ներգրավմամբ։ Վեհափառը տեղեկացրել է, որ ապագայում նախատեսվում է Մայր աթոռին և վանքերին կից ստեղծել վերականգնողական կենտրոններ։

Նախաձեռնության համահեղինակ Էդուարդ Գալստյանը նշել է, որ այն միտված է նեցուկ լինել պատերազմի հետևանքով իրենց զավակներին ու հարազատներին կորցրած ընտանիքներին։ Նա հույս է հայտնել, որ եկեղեցին իր առաքելությանը հավատարիմ իր անփոխարինելի ներդրումն է բերում այս ուղղությամբ։

Կաթողիկոսը ողջունել է ուսանողների նախաձեռնությունը։ Նա բնական և կարևոր է համարել ներկաների նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրի պարտքն ու պարտականությունն է այս դժվարին պահին զորակցել այդ ընտանիքներին։

Խոսելով արցախյան երկրորդ պատերազմի կորուստների մասին՝ նա նշել է, որ նահատակների հիշատակը պետք է ոգեշնչման աղբյուր լինի՝ ապրելու, արարելու և գալիքի նկատմամբ հույսով լցվելու համար։

Վեհափառ Հայրապետն անդրադարձել է Մայր աթոռի «Աջակցենք Արցախին» ծրագրին և նպատակներին, ինչպես նաև ծրագրի իրագործմանն ի նպաստ աշխարհասփյուռ թեմերի և բարերար հայորդիների կողմից ցուցաբերվող աջակցությանը։ Նորին Սրբությունը տեղեկացրել է, որ կատարվել են ինչպես հոգեխնամական, այնպես էլ սոցիալական աջակցության ծրագրեր, Մայր աթոռն իր հնարավորությունների սահմաններում փորձել է լուծել նաև տեղահանված արցախցի ընտանիքների կեցության հարցը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---