Մակրոնն ու Էրդողանը կես տարում առաջին անգամ կբանակցեն

Մակրոնն ու Էրդողանը կես տարում առաջին անգամ կբանակցեն

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեսակոնֆերանսի ձևաչափով մարտի 2-ին կբանացկի իր թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Նշվում է, որ դրանք կլինեն երկու նախագահի առաջին բանակցությունները վերջին կես տարում, որոնք այդ ընթացքում բազմիցս քննադատել են միմյանց, գրում է ՏԱՍՍ-ը։

Հարաբերությունները երկու երկրի առաջնորդների միջև լարված էին։ 2020-ի աշնանն ու դեկտեմբերին Ֆրանսիան բազմիցս պահանջել է Թուրքիայից պարզաբանել իր դերը ղարաբաղյան հակամարտությունում, իսկ Մակրոնը հայտարարել, որ Փարիզը տեղեկություններ ունի, որ Անկարան գրոհայիններ է ուղարկում Սիրիայից Լեռնային Ղարաբաղ։ Նա նաև սպառնացել էր պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե վերջինս չհրաժարվի միակողմանի գործողություններից Հունաստանի և Կիպրոսի հանդեպ։ Դեկտեմբերին ԵՄ-ն որոշեց ընդլայնել Թուրքիայի դեմ պատժամիջոցների ցանկը Միջերկրական ծովում վերջինիս գործողությունների պատճառով։

Էրդողանն իր հերթին խիստ քննադատել էր Մակրոնին իսլամական անջատողականության դեմ պայքարելու նրա կոչերի պատճառով։ Նա հայտարարել էր, որ իր ֆրանսիացի պաշտոնակիցը հոգեկան խանգարումից բուժման կարիք ունի և կոչ արեց իր հայրենակիցներին բոյկոտել ֆրանսիական ապրանքները։ Ֆրանսիան ի պատասխան հետ էր կանչել իր դեսպանին խորհրդակցությունների համար, իսկ ավելի ուշ Էրդողանը հայտարարել էր, թե Մակրոնը «Ֆրանսիայի դժբախտությունն է» և մաղթեց ֆրանսիացիներին «որքան հնարավոր է շուտ ազատվել նրանից»։

Այնուամենայնիվ, 2021-ի սկզբին Էրդողանը հայտարարել էր, որ հարկավոր է բարելավել հարաբերությունները ԵՄ հետ և կողմ արտահայտվել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելուն։

Photo. AFP via Getty Images
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---