ԵԱՀԿ ՄԽ-ն լիահույս է, որ ղարաբաղյան խնդիրը կկարգավորվի հնարավորինս սեղմ ժամկետում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլայկովը (Ռուսաստան), Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզան (ԱՄՆ) մարտի 6-ին հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ, մասնավորապես, ասվում է. «Փետրվարի 27-ից մարտի 3-ը ԵԱՀԿ ՄԽ համանախագահները այցելեցին Բաքու, Ստեփանակերտ եւ Երեւան ու կրկին Բաքու: Այցի ընթացքում մենք հանդիպել ենք Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների, ԱԳՆ ղեկավարների, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ցանկություն են հայտնել շարունակել բանակցությունները կանոնավոր հենքի վրա«: Ըստ հայտարարության, համանախագահները կաշխատեն առաջիկա ամիսներին կազմակերպել երկու նախագահների հանդիպումը, որի ժամանակ կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքների շրջանակներում չլուծված առանցքային հարցերը:



Մենք ողջունում ենք այդ հարցերի անկեղծ ու բաց քննարկումը Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիեւի Ցյուրիխում կայացած հանդիպումից հետո: Մենք հուսով ենք, որ բանակցությունները կշարունակվեն եւ առաջընթաց կգրանցվի կողմերի միջեւ տարաձայնությունների ճշտման ու նվազեցման առումով»,-ասվում է համանախագահների հայտարարության մեջ:



Միեւնույն ժամանակ, համանախագահները դատապարտել են հրադադարի ռեժիմի խախտումը ԼՂՀ-Ադրբեջան շփման գծում, որը տեղի ունեցավ փետրվարի 26-ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի առաքելության դիտարկման ժամանակ:



«Համանախագահներն ափսոսանքով են նշում, որ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում 2008 թվականին շուրջ 30 մարդ է սպանվել եւ 50-ից ավելին վիրավորվել են: Եվս վեցը զոհվեցին 2009 թվականին: Համանախագահները կոչ են անում կողմերին կրկին դիտարկել իրենց առաջարկներն, ուղղված հրադադարի ռեժիմի ամրապնդմանը, որն ընդունել է ԵԱՀԿ Նախարարների խորհուրդը Հելսինկիում 2008 թվականի դեկտեմբերին»,-ասվում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---