Պատմական Դվինի հուշարձանների ամրակայման և թանգարանացման աշխատանքներ են տարվում

Պատմական Դվինի հուշարձանների ամրակայման և թանգարանացման աշխատանքներ են տարվում

PanARMENIAN.Net - Պատմական Դվինի հուշարձանների ամրակայման և թանգարանացման աշխատանքներ են ընթանում։

Աշխատանքներն իրականացվում են «Հայաստանի զարգացման հիմնադրամի» ֆինանսական միջոցների հաշվին «Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի շրջանակում, որը 2016 թ. մշակվել և որով ՀՀ մշակույթի նախարարության (այժմ` ԿԳՄՍՆ-ի) համաձայնեցմանն են ներկայացվել Դվինի հարավային մուտքի բարեկարգման, նոր ցանկապատի և մուտքային դարպասի նախագծանախահաշվային փաստաթղթերը:

2016-2017 թթ. նույն ծրագրի շրջանակում ներկայացվել են նաև Սբ Գրիգոր կաթողիկե եկեղեցու, կաթողիկոսական առաջին և երկրորդ պալատների, միանավ եկեղեցու ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը, որոնք համաձայնեցվել են լիազոր մարմնի կողմից:

ՀՀ վարչապետի 2019-ի նոյեմբերի 4-ի որոշմամբ ստեղծվել է Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորմամբ իրականացվող տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման վարկային ծրագրի կառավարման կոմիտե (նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության անդամակցությամբ), որը դրական որոշում է կայացրել նշյալ հուշարձանի ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ: Նշյալ աշխատանքները կատարվում են լիազոր մարմնի հսկողությամբ:

Դվինում առաջին պեղումներն իրականացրել է Ն. Մառը դեռևս 1899 թ., այնուհետև դրանք կրել են պարբերական բնույթ (1907-1908 թթ., 1936-1939 թթ., 1946-1976 թթ․, 1977-2010 թթ.): 2019 թվականից Դվին մայրաքաղաքի պեղումների արշավախումբը գլխավորում է պ.գ.դ., պրոֆեսոր Հ. Պետրոսյանը, անդամներ՝ Ն. Հակոբյան, Ֆ. Բաբայան, Ա. Ժամկոչյան, Գ. Քոչարյան, Կ. Ղաֆադարյան (ճարտարապետ), Ա. Մարտիրոսյան:

Պատմական Դվին մայրաքաղաքը (7-րդ մայրաքաղաքը) 4-րդ դ. կեսերին հիմնադրվել է հայոց արքա Խոսրով Կոտակի կողմից: Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ համայնքի վարչական տարածքում՝ Երևանից 30 կմ հեռավորության վրա: Մայրաքաղաքը 13-րդ դարում վերջնականապես անկում է ապրել արաբական, ապա մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---