17 մարտի 2021 - 13:25 AMT
Իսլանդիան բացում է սահմանները Covid-19-ի դեմ պատվաստվածների համար

Իսլանդիայի իշխանությունները որոշել են ազատ մուտք արտոնել կորոնավիրուսի դեմ պատվաստված բոլոր երկրների քաղաքացիների համար, ոչ միայն Եվրամիության։ Այդ մասին տեղեկացրել է երկրի առողջապահության նախարարությունը։

Իսլանդիա կկարողանան մուտք գործել նաև նրանք, ովքեր կկարողանան ապացուցել, որ արդեն հիվանդացել են կորոնավիրուսով։ Իսլանդիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ պատվաստանյութի երկու դեղաչափ ստացած անձինք այժմ կղզի մուտք գործելիս չեն ենթարկվի հատուկ սահմանափակող միջոցների, այդ թվում՝ կարանտինի և թեստավորման:

Ըստ Իսլանդիայի վարչապետ Կատրին Յակոբսդոուտիրի` երկրում հուսով են, որ աստիճանաբար կվերադառնան նորմալ կյանքի։ Դա ենթադրում է նաև ճամփորդելու հնարավորություն։

Եվրոպայի դեղամիջոցների գործակալությունը (EMA) արտոնագրել է կորոնավիրուսի դեմ Moderna, AstraZeneca, Pfizer/BioNTech ընկերությունների պատվաստանյութերը։