18 մարտի 2021 - 13:29 AMT
65-ն անց անձանց շրջանում Covid-19-ով կրկին վարակվելու ռիսկն ավելի մեծ է

Դանիայի մոտ կես միլիոն բնակիչների շրջանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ 65-ն անց անձանց շրջանում Covid-19-ով կրկին վարակվելու ռիսկն ավելի մեծ է։ Հետազոտությունը հրապարակվել է Lancet հանդեսում։

Կրկնակի վարակման ռիսկը գիտնականները որոշել են՝ վերլուծելով կորոնավիուսի ՊՇՌ կրկնակի թեստերի ադրյունքները, որոնք կիրառվել են Դանիայում 2020թ․ սեպտեմբերից մինչև դեկտեմբերի վերջ ընկած ժամանակահատվածում, գրում է ՏԱՍՍ-ը։

Պարզվել է, որ թեստավորման առաջին փուլում կորոնավիրուսի դրական թեստ ունեցողների 0.65%-ը վարակվել է երկրորդ անգամ, իսկ առաջին թեստավորման բացասական արդյունքով անձանց շրջանում՝ 3.27%-ը։ Ելնելով դրանից, գիտնականները կարծում են, որ կրկնավարակից պաշտպանությունը 80%. Է։ Սակայն 65-ն անց անձանց շրջանում այդ պաշտպանությունն ընդամենը 47.1% տոկոս է։

Գիտնականները հորդորում են հույսը չդնել բնական իմունիտետի վրա և պատվաստվել՝ առավել հուսալի և տևական պաշտպանություն ապահովելով կրկնակի վարակումից։

Եվրոպայի դեղամիջոցների գործակալությունը (EMA) արտոնագրել է կորոնավիրուսի դեմ Moderna, AstraZeneca, Pfizer/BioNTech ընկերությունների պատվաստանյութերը։