Դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանի գործով Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը

Դատարանը մերժել է Օնիկ Գասպարյանի գործով Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, մերժել է ԶՈւ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը, գրում է Pastinfo.am-ը։

Օնիկ Գասպարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի գործով, Փաշինյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սարուխանյանը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Գասպարյանի նկատմամբ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումը վերացնելու համար։

Դատարանը, լսելով կողմերին և ուսումնասիրելով գործի նյութերը, արձանագրել է, որ պատասխանող կողմի միջնորդության առաջին, չորրորդ և հինգերորդ մասերը, ըստ էության, դատողություններ են հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշման իրավաչափության վերաբերյալ, մինչդեռ՝ նշված որոշումն օրինական ուժի մեջ է մտել կայացման պահից, բողոքարկման ենթակա դատական ակտ չէ, իսկ վարչական դատարանը չունի իր կողմից կայացված և օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի իրավաչափության ստուգման լիազորություն։

Ինչ վերաբերում է իրավահարաբերության բացակայության ճանաչման հայցի՝ վարույթ ընդունման ենթակա չլինելու վերաբերյալ պատասխանողի պնդումներին, դատարանն արձանագրել է, որ հայցատեսակի մասով եզրահանգման վերաբերյալ իրավական գնահատականը կարող են տալ միայն վերադաս դատական ատյանները՝ օրենքով սահմանված կարգով ներկայացված համապատասխան բողոքների քննության շրջանակում։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ դատարանը չի անդրադարձել նշված մասերի փաստարկներին, քանի որ դրանք դուրս են միջնորդության քննարկման ծավալներից և չեն վերաբերում հնարավոր դատական ակտի կատարման դժվարացման կամ անհնարինության հետ կապված հանգամանքների վերացմանը։

ՀՀ վարչական դատարանը մերժել է պատասխանողի միջնորդությունը՝ արձանագրելով, որ նա չի ներկայացրել որևէ հիմնավոր փաստարկ առ այն, որ հանգամանքների փոփոխությամբ պայմանավորված` վերացել է հայցի ապահովման միջոցի անհրաժեշտությունը, իսկ դատական ակտերի իրավաչափության վերաբերյալ պատասխանողի ներկայացուցչի փաստարկները հիմք չեն հայցի ապահովումը վերացնելու համար։

Գասպարյանը երեք հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ վիճարկելով իրեն ԳՇ պետի պաշտոնից ազատելու որոշման իրավաչափությունը։ Ներկայացված հայցադիմումներից մեկի շրջանակում ՀՀ վարչական դատարանը բավարարել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, ինչը ենթադրում է, որ Գասպարյանը պետք է պաշտոնավարել մինչև գործով դատարանի վերջնական որոշումը։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---