ՄԻՊ․ Նպաստների համակարգում վերահսկողությունն արդյունավետ չէ

ՄԻՊ․ Նպաստների համակարգում վերահսկողությունն արդյունավետ չէ

PanARMENIAN.Net - Ընտանիքների անապահովության գնահատման գործընթացի հետ կապված 2020-ի վիճակագրությունը ցույց է տալիս, որ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց սոցիալական կարիքները լիարժեք չեն բավարարվում, ստեղծված չեն պայմաններ՝ հասարակությունում նրանց լիարժեք ինտեգրման համար, հայտնում է ՄԻՊ գրասենյակը։

Նշվում է նաև, որ նպաստների համակարգում վերահսկողության մեխանիզմներն արդյունավետ չեն:

«2020-ին սոցիալական աջակցության մարմիններում շարունակվել է անապահով խավի ներկայացուցիչներին բանավոր մերժումների արատավոր պրակտիկան՝ ի սկզբանե անապահովության միավորի չբավարարելու համոզմունքի դրսևորմամբ: Արդյունքում, մարդիկ դուրս են մնում անապահովության համակարգից, զրկվում նպաստ կամ հրատապ օգնություն ստանալու իրավունքից:

Բացի այդ՝ չեն գործում անապահովության գնահատման գործընթացին անմիջականորեն մասնակցող սոցիալական աջակցության տեսուչների գործողությունները գնահատելու պատշաճ վերահսկման մեխանիզմներ։ Թեև սոցիալական աջակցության տարածքային բաժիններին տրամադրվել են պլանշետներ՝ տնայցերի համար, սակայն դա ինքնին չի կարող դառնալ չարաշահումների կանխարգելման և հավանականության կանոնակարգման լծակ: Միայն մեխանիկական մոտեցումներով բավարարվելն անթույլատրելի է»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տարիներ շարունակ արձանագրվող խնդիրներից է սոցիալական կամ ընտանեկան նպաստի իրավունքից զրկվելը՝ սոցիալական ապահովության տրամադրվող միջոցների անհամաչափ փոփոխության պատճառով: Այս հարցը նույնպես արտացոլված է Պաշտպանի 2020-ի հաղորդման մեջ:

Օրինակ՝ դիմում-բողոքներից մեկով 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձը նպաստի իրավունքից զրկվել է հաշմանդամության նպաստը 1000 դրամով բարձրանալու պատճառով: Այս պատճառով, նշված ընտանիքները կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ՀՀ կառավարության հաստատված տասներեքերորդ միջոցառման շահառու ևս չեն ճանաչվել:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների պաշտպանի 2020-ի տարեկան հաղորդման մեջ առաջարկել է՝

1. ներդնել արդյունավետ վերահսկողության մեխանիզմներ սոցիալական աջակցության մարմինների նկատմամբ՝ պատշաճ վարչարարություն իրականացնելու, վատ վերաբերմունքի բացառման, խորհրդատվական օգնության համընդգրկուն տրամադրման նպատակով,

2. բարձրացնել համակարգի հասցեականությունը և թափանցիկությունը՝ ներդնելով օրենսդրական և գործնական լիարժեք մեխանիզմներ և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանի 2020-ի տարեկան հաղորդման համաձայն՝ հաշմանդամության կարգավիճակի սահմանման թերությունները և ոչ պատշաճ հաղորդակցումը խախտում են մարդու իրավունքները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---