Իսրայելում ՀՀ դեսպանին փողերի լվացման համար մեղադրանք է առաջադրվել

Իսրայելում ՀՀ դեսպանին փողերի լվացման համար մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանին մեղադրանք է առաջադրվել. պարզվել են նրա կողմից ՀՀ մշակույթի և երիտասարդության նախկին նախարար Հ.Պ.-ի (Հասմիկ Պողոսյան, խմբ.) կողմից թույլ տրված չարաշահումներին օժանդակելու, ինչպես նաև փողերի լվացմամբ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու դեպքի մի շարք հանգամանքներ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Պարզվել են նախկին նախարարի կողմից թույլ տրված չարաշահումների մի շարք հանգամանքներն ու դրանց կատարման մեխանիզմը:

Ա.Ս.-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՔՕ 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ` 2-6 տարի ժամկետով), և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը «փողերի լվացումը») 3-րդ մասի 1-ին կետով (պատժվում է ազատազրկմամբ` 6-12 տարի ժամկետով): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20,000,000 դրամ գումարի չափով:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ դեսպան, միաժամանակ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» ՀԿ նախագահ Ա.Ս.-ն օժանդակել է նախկին նախարար և վերոնշյալ ՀԿ փոխնախագահ Հ.Պ.-ի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող և սահմանափակումների ցանկում ընդգրկված պատմամշակութային շենքի զբաղեցրած հողամասը հասարակական կազմակերպության սեփականությունը դարձնելուն:

Այնուհետև շենքը և դրա զբաղեցրած հողամասը, Հ.Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, ձևական գործարքի արդյունքում՝ 550,000 դոլարով, վաճառել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հ.Պ.-ի հարսին պատկանող ընկերությանը` օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարարը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
«Պաշտպանը որևէ առնչություն չունի քաղաքական որևէ գործընթացի հետ»,- նշվում է հաղորդագրության մեջ
Քրոնիկ հիվանդություն չունեցող մինչև 55 տարեկան պատգամավորները պատվաստվել են AstraZeneca-ով
Նախագիծը ներկայացրել է Անահիտ Ավանեսյանը
Նրա կողմից ծառայողական պարտականությունների կատարումը կասեցվել է