ՀՀ նախագահը նամակներ է հղել Մակրոնին, Պուտինին, Բայդենին և այլոց՝ Ցեղասպանության տարելիցին ընդառաջ

ՀՀ նախագահը նամակներ է հղել Մակրոնին, Պուտինին, Բայդենին և այլոց՝ Ցեղասպանության տարելիցին ընդառաջ

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նախօրեին նախագահ Արմեն Սարգսյանը նամակներ է հղել երկու տասնյակից ավելի երկրների, միջազգային կառույցների ղեկավարների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Իտալիայի, Արգենտինայի, Լիբանանի, Հունաստանի նախագահներին, Հռոմի պապ Ֆրանցիսկոսին, Նիդերլանդների, Բելգիայի, Շվեդիայի թագավորներին և այլոց:

Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնել նախագահներին, խորհրդարաններին, հասարակական, հոգևոր, գիտական ու ակադեմիական շրջանակներին՝ Ցեղասպանությունը տարբեր ձևաչափերով ճանաչելու, դատապարտելու, ինչպես նաև հայ ժողովրդին ցուցաբերած համերաշխության համար:

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին նամակում Սարգսյանը նշել է. «Հայոց ցեղասպանության ճանաչումը, Երևանում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ֆրանսիայի նախագահի մասնակցությունը, Ձեր հրամանագրով ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր հայտարարելը ևս մեկ անգամ ընդգծում են Ֆրանսիայի հետևողականությունը և հավատարմությունը համամարդկային արժեքներին»:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակում ասվում է. «Հայաստանը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում Ռուսաստանի և անձամբ Ձեր ջանքերը: Ցեղասպանության ճանաչումը, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր ճանաչող հռչակագիրը, Պետական դումայի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը Ձեր մասնակցությունը ևս մեկ անգամ ընդգծում են Ռուսաստանի հետևողականությունը և հավատարմությունը համամարդկային արժեքներին»:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նամակում Արմեն Սարգսյանը բարձր է գնահատել 2019-ին ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատների որոշումը և նշել. «Հայաստանում մեծ գոհունակությամբ ընդունեցինք 2019 թվականին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը, որին հաջորդեց ԱՄՆ Սենատի միաձայն որոշումը»:

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումը նշանակում է ճանաչել մարդկության դեմ իրականացված հանցագործությունը. «Մենք համոզված ենք, որ ցեղասպանությունների ու ցեղասպան քաղաքականության կանխարգելման գործիքներից մեկը դրանց ճանաչումն ու դատապարտումն է:

Ակնկալում ենք, որ Դուք կվերահաստատեք պատմական արդարությունն առաջ մղելու և և նոր ցեղասպանությունները կանխելու՝ Ձեր հանձնառությունը»:

Նամակներում ՀՀ նախագահը վստահություն է հայտնել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացը կնպաստի ցեղասպանության՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործության կանխարգելմանն ու անպատժելիության վերացմանն ամբողջ աշխարհում:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայկական հարցերով հանձնախմբի երկկուսակցական համանախագահներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենք Փալոնը, Դեյվիդ Գ. Վալադաոն և Ջեքի Սփիըրը Կոնգրեսի ավելի քան 100 գործընկերոջ հետ միասին նամակ են հղել նախագահ Ջո Բայդենին` հորդորելով նրան ապրիլի 24-ին` հիշատակի օրը, իր հայտարարության մեջ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Ջեն Փսակին, պատասխանելով Հայոց ցեղասպանության տարելիցի վերաբերյալ հարցին, ասել է, թե ակնկալում է, որ ապրիլի 24-ին «ավելին կունենան ասելու Հիշատակի օրվա մասին»:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---