ՍԴ-ն` ՄԻՊ դիմումին ի պատասխան. ԱԺ-ն պետք է նախատեսի դատարաններում ողջամիտ ժամկետում գործի քննությունը

ՍԴ-ն` ՄԻՊ դիմումին ի պատասխան. ԱԺ-ն պետք է նախատեսի դատարաններում ողջամիտ ժամկետում գործի քննությունը

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա 2021թ. մարտի 16-ի որոշմամբ արձանագրել է, որ Ազգային ժողովը պետք է նախատեսի դատարաններում ողջամիտ ժամկետում գործի քննությունն ապահովող արդյունավետ ընթացակարգեր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

ՄԻՊ-ը դիմել էր Սահմանադրական դատարան դատական նիստերն անհիմն ձգձգվելու, գործերը տարիներով քննվելու հիմնարար խնդրով։

«Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վիճարկվող դրույթը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 9-րդ հոդվածին, որով միայն սահմանվել են դատարանում գործի քննության տևողության ողջամտությունը որոշելիս հաշվի առնվող հանգամանքները:

Պաշտպանի դիրքորոշմամբ՝ հոդվածով ամրագրված չէ ողջամիտ ժամկետում գործի դատական քննության խախտված իրավունքի վերականգնման օրենսդրական հնարավորությունը: Ստացվում է, որ օրենսդրական գործող կարգավորումների պայմաններում դատարանում գործի քննությունը կարող է տարիներով ձգձգվել և անհետևանք մնալ դատարանի համար»,-ասվում է ՄԻՊ աշխատակզմի հաղորդագրության մեջ։

Մասնավորապես, պաշտպանի աշխատակազմն իրականացրել էր իրեն ուղղված բողոքների ամփոփում, որոնք վերաբերում էին ողջամիտ ժամկետում գործի քննությանը դատարաններում, հրապարակել նաև նաև արտահերթ զեկույց խնդրի վերաբերյալ: Արտահերթ զեկույցը վերհանել էր լրջագույն խնդիրներ:

Օրինակ` մի դեպքում քրեական գործի առնչությամբ ամբաստանյալը տեղեկացրել է, որ դատական նիստերը շարունակ անհիմն հետաձգվում են, ընդհանուր առմամբ մոտ 50 դատական նիստ չի կայացվել: Մեկ այլ դեպքում դատարանում գործը քննվում է 8 տարուց ավելի, և տվյալ գործով վերջնական դատական ակտ դեռևս չի կայացվել: Մեկ այլ բողոքի համաձայն՝ դատական նիստերը նշանակվում են 2-3 կամ 3-6 ամիսը մեկ անգամ հաճախականությամբ, իսկ նշանակված նիստերն էլ, ըստ բողոք ներկայացրած անձանց, անհիմն հետաձգվում են (եղել է դեպք, երբ միմյանց հաջորդող 5 նիստեր հետաձգվել են) և այլն:

Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրում է, որ պետությունն ինքը պետք է կազմակերպի իր իրավական համակարգն այնպես, որ դատարանները կարողանան երաշխավորել, որպեսզի յուրաքանչյուր ոք ողջամիտ ժամկետում ձեռք բերի իր իրավունքների և պարտավորությունների վերաբերյալ վեճերի մասին վերջնական որոշում: Նշված պահանջը կատարելու համար պետությունը կարող է նախատեսել տարբեր մեխանիզմներ:

Նշվում է, որ, հետևաբար, դատական քննությանը մասնակցող մարդու իրավունքների տեսանկյունից դատարանների գերծանրաբեռնվածությունը չի կարող արդարացնել վարույթի երկար տևողությունն ու ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը:

«Ցանկացած մարդ պետք է ունենա այդ իրավունքի վերականգնման արդյունավետ միջոցներ, իսկ պետությունը պարտավոր է ստեղծել դրա համար բոլոր անհրաժեշտ իրավական պայմանները»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---