Երևանի բնակիչը պլաստիկ քարտերի գործադրմամբ մոտ 10 մլն դրամ է հափշտակել

Երևանի բնակիչը պլաստիկ քարտերի գործադրմամբ մոտ 10 մլն դրամ է հափշտակել

PanARMENIAN.Net - Երևանի բնակիչը պլաստիկ քարտերի գործադրմամբ մոտ 10 մլն դրամ է հափշտակել։ Քննչական կոմիտեում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչը, անհայտ անձից ձեռք բերելով արտասահմանյան բանկերի տարբեր հաճախորդների պլաստիկ քարտերի ապօրինի եղանակով պատրաստված 64 կրկնօրինակ, 2019թ. հոկտեմբերի 29-ից 2020թ. օգոստոսի 12-ը ներառյալ՝ դրանց գործադրմամբ, Երևանի տարբեր փողոցներում տեղակայված բանկոմատներից նույնականացման համարներով իրական պլաստիկ քարտերին կից բանկային հաշվեհամարներից պարբերաբար համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 9,986,000 դրամ գումար։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 3-րդ մասի (խոշոր չափերի շորթում) 1-ին կետով (պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը:

Անջատված մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---