Մայր Աթոռը դատապարտել է Ադրբեջանի մշակութային եղեռնագործությունը

Մայր Աթոռը դատապարտել է Ադրբեջանի մշակութային եղեռնագործությունը

PanARMENIAN.Net - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, անդրադառնալով վերանորոգման պատճառաբանությամբ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի գմբեթների իջեցմանը, դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող մշակութային եղեռնագործությունը, ինչը հայատյացության, անհանդուրժողականության և թշնամանքի դրսևորում է։

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ցավով է արձանագրում, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և հետպատերազմյան շրջանում չեն դադարել հայոց հոգևոր և մշակութային ժառանգության հանդեպ Ադրբեջանի կողմից իրականացվող բարբարոսական գործողությունները։ Այսօր, հարաբերական խաղաղության պայմաններում, շարունակվում են թիրախավորվել հայոց սրբավայրերը՝ նպատակ հետապնդելով վերացնել Արցախի պատմական մեր հողի վրա հայկական ինքնության հետքերն ու վկայությունները»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշված է նաև, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում արդեն իսկ ոչնչացվել են սրբավայրեր, պղծվել վանքեր ու եկեղեցիներ և վերացվել դրանց պատմական պատկանելիությունը հավաստող արձանագրություններ, անարգվել խաչքարեր և շիրիմներ։ Պատմության խեղաթյուրման և կեղծման ճանապարհով փորձեր են կատարվում յուրացնել այդ տարածքներում առկա մոտ 150 հայկական սրբատեղին և աշխարհին ներկայացնել իբրև ուդիների կրոնական ժառանգություն։

«Օրեր առաջ հայտնի դարձավ նաև վերանորոգության պատճառաբանությամբ Արցախի թեմի առաջնորդանիստի՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարի հոգևոր խորհրդանիշները վերացնելու և գմբեթի վեղարը վայր բերելու փաստը։

Հակառակ հնչող հայտարարությունների և արդարացումների, որդեգրված այս քաղաքականությունը չի կարող որևէ կերպ նպաստել տարածաշրջանում կայունության և տևական խաղաղության վերահաստատմանը»,-ասվում է Մայր Աթոռի հայտարարության մեջ։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ավելի վաղ հայտարարել էր, որ «Նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են հայկական հոգևոր մշակութային կարևորագույն արժեքներից մեկը՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները հանել են Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու գմբեթները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---