Երևանում արգելապատնեշներ են տեղադրվում՝ բացառելու մեքենաների կայանումը մայթերին

Երևանում արգելապատնեշներ են տեղադրվում՝ բացառելու մեքենաների կայանումը մայթերին

PanARMENIAN.Net - Երևանում մեկնարկել է հատուկ արգելապատնեշների տեղադրման ծրագիրը, որի նպատակն է մայթերը վերադարձնել հետիոտնին և բացառել մեքենաների կայանումը մայթերին։

«Մայթերն ամբողջությամբ զբաղեցված են լինում մեքենաներով և մարդկանց տեղաշարժը հաճախ դառնում է դժվարին, իսկ այն մարդիկ, ովքեր տեղափոխվելու խնդիր ունեն, օրինակ, հաշմանդամություն ունեցող մեր քաղաքացիները, ինչու չէ, նաև սայլակով երեխաներին տեղափոխող մայրերը լրջագույն խնդրի առաջ են կանգնում և ստիպված են լինում դուրս գալ փողոցի բանուկ հատված»,- ասել է Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը:

Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագիրն ընդգրկում է բոլոր վարչական շրջանները: 2021-ին ընդհանուր առմամբ մայրաքաղաքում կտեղադրվի 610 թուջե արգելապատնեշ:

«Վարչական շրջանները, Ճանապարհային ոստիկանությունը մեզ ցանկ են տրամադրում, և ըստ դրա տեսնում ենք, թե որտեղ ինչ ծավալի աշխատանք կարող ենք իրականացնել: Կենտրոնում արդեն իսկ 60 հատ տեղադրել ենք, Շենգավիթում 30 հատ է նախատեսված, և այսպես ծրագիրը կիրականացնենք բոլոր անհրաժեշտ տեղերում»,- նշել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

Ճանապարհային ոստիկանությունը մայթերին փոխադրամիջոցների կայանումն արգելելու վարչական լծակ ունի: Վարչական իրավախախտումների մասին օրենքը, ի դեպ, այս առումով պատասխանատվություն է նախատեսում։

«Տուգանքներ են նախատեսված 5000 դրամի չափով, եթե վարորդը կանգառ է կատարում մայթին, իսկ եթե մեքենան կայանում է մայթին՝ տուգանքը 20,000 դրամի է հասնում»,- ասել է ՀՀ ՃՈ առաջին գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը:

2020թ. մայթին կանգառելու, ինչպես նաև կայանելու համար կազմվել է 702 արձանագրություն, 2021-ի մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 138:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---