«Գիտուժ». Գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը դրական քայլ է, բայց հիմնարար փոփոխությունների առումով՝ կիսաքայլ

«Գիտուժ». Գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը դրական քայլ է,  բայց հիմնարար փոփոխությունների առումով՝ կիսաքայլ

PanARMENIAN.Net - «Գիտուժ» նախաձեռնությունը դրական է գնահատել գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացման կառավարության մայիսի 13-ի որոշումը, սակայն վերահաստատում է իր պահանջը։

Նշվում է, որ գիտաշխատողների բազային աշխատավարձերի բարձրացումն աննախադեպ է իր բնույթով և ծավալով, սակայն հիմնաքարային փոփոխություններ իրականացնելու տեսանկյունից հերթական կիսաքայլն է։ Գնահատելով և տոնելով դրականը՝ «Գիտուժը» վերահաստատում է իր պահանջը։

«Ժամանակն է դրական և նույնիսկ աննախադեպ քայլերից անցնել ռազմավարական և համակարգային գործողությունների։

Մտահոգիչ է, որ այդպես էլ չի գիտակցվում հենց-հիմա-և-այստեղ շեշտակի ներդրում անելու հստակ և անքննարկելի անհրաժեշտությունը։ Լավ է, որ բազային աշխատավարձերի բարձրացման հանձնառությունը 1-2 տարով չի սահմանափակվում և համեմատաբար երկարաժամկետ է (մինչև 2025թ.), սակայն, ցավոք, սկսվում է միայն հաջորդ տարվանից և բավարար շեշտակի չէ։

Ստիպված ենք հիշեցնել Հայաստանի զարգացման և անվտանգության առջև ծառացած խնդիրների օրհասական բնույթը, որն անընդունելի է դարձնում ժամանակի ցանկացած կորուստ։ Առկա գիտական ներուժում ներհոսքի և արտահոսքի ծայրահեղ բացասական հարաբերակցությունը հատել է բոլոր կարմիր գծերը, և ամեն մի կորցրած ամիսն ու տարին հետագայում վերականգնելը պահանջելու է շատ ավելի մեծ ներդրումներ և ժամանակ կամ, պարզապես, դարձնելու է անհնարին։ Կորցրած ժամանակը բազմապատիկ չափով է հետաձգելու երկրի զարգացման հնարավորությունները՝ կրթությունից մինչև անվտանգություն»,-ասվում է հայտարարության մեջ։

«Գիտուժ» համայնքը բարձրաձայնել և շարունակելու է բարձրաձայնել համակարգային և ռազմավարական ներդրումների անհրաժեշտության մասին։

«Տեղային կիսաքայլերը, ինքնին դրական լինելով, կարող են նույնիսկ կողմնակի բացասական հետևանք ունենալ՝ առաջացնելով բարձր արդյունավետության սպասումներ, որոնց չարդարացումը կբերի բնական հիասթափության և վերջնարդյունքի գնահատակի խեղաթյուրման, որն էլ իր հերթին կարգելակի հետագա ներդրումները։ Մեկ ուղղությամբ դրական քայլը անհրաժեշտ է համադրել հարակից ուղղություններում համաչափ ներդրումների հետ համապատասխան արդյունավետության հասնելու համար։ Մասնավորապես՝

ասպիրանտական տեղերի ու կրթաթոշակների կտրուկ ավելացում,

Սփյուռքի գիտնականների և ճարտարագետների ներուժի ներգրավվում, հայրենադարձություն,

գերակա ուղղություններում գերազանցության կենտրոնների ստեղծում՝ առանձնակի ուշադրություն դարձնելով կիրառական հետազոտությունների վրա,

գիտական հետազոտությունների ու փորձարարական մշակումների պետական պատվերի ձևավորում, մասնավոր պատվերի խթանում,

պետական համաֆինանսավորման մեխանիզմով` արտասահմանյան գիտական դրամաշնորհների ներգրավում և մասնավոր հատվածից պատվերների խրախուսում։

Բաց ենք համագործակցության համար` կարճ ժամկետներում Հայաստանում գիտության կտրուկ զարգացմանը միտված ռազմավարական քայլեր իրականացնելու ուղղությամբ»,-ասվում է հայտարարության մեջ։

Կառավարության մայիսի 13-ի որոշմամբ էականորեն վերանայվելու են գիտաշխատողների բազային աշխատավարձները: Եթե, օրինակ, 2021թ. գլխավոր գիտաշխատողի բազային միջին աշխատավարձը կազմում է 138,000 դրամ, ապա փոփոխությունների արդյունքում՝ 2022թ. հունվարից գլխավոր գիտաշխատողը կստանա նվազագույնը 367,000 դրամ: Հետագա տարիներին բազային նվազագույն աշխատավարձը, շարունակաբար աճելով, 2025թ. հունվարի դրությամբ կհասնի 553,000 դրամի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---