ՄԻՊ․ Սև լճի մոտ ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած զինվորների վիճակը բավարար է

ՄԻՊ․ Սև լճի մոտ ծեծկռտուքի հետևանքով վնասվածքներ ստացած զինվորների վիճակը բավարար է

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Սև լճին հարակից տարածքում մայիսի 20-ին ադրբեջանական զինծառայողների սադրած միջադեպից հետո հոսպիտալացված ՀՀ զինծառայողներին։ Այցն իրականացվել է զինծառայողներին երևանյան հոսպիտալ տեղափոխելուց անմիջապես հետո, ասվում է ՄԻՊ հայտարարության մեջ։

Բժիշկների գնահատմամբ՝ բոլոր զինծառայողների առողջական վիճակը բավարար է, նրանք հիմնականում ստացել են ձեռքի, դիմածնոտային կամ այլ թեթև աստիճանի վնասվածքներ, ներկայում շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

Պայմանագրային զինծառայողների հետ անցկացվել են առանձնազրույցներ, ուսումնասիրվել են վնասվածքներ ստացած զինծառայողների բժշկական փաստաթղթերը, տեղեկություններ են փաստագրվել նրանց, ինչպես նաև Հայաստանի մյուս զինհոսպիտալում բուժում ստացող զինծառայողների առողջական վիճակի մասին:

ՄԻՊ աշխատակազմի ուսումնասիրությունների, այդ թվում` առանձնազրույցների ընթացքում պարզվել է, որ ադրբեջանական զինված անձինք 2021թ. մայիսի 20-ին, նորից վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, փորձել են զբաղեցնել բլուր, որը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սև լճին հարակից տարածքում՝ Խոզնավար գյուղի ուղղությամբ ավելի խոր հատվածում:

ՀՀ զինծառայողներն ադրբեջանական զինվորականներից պահանջել են վերադառնալ իրենց ելման դիրք: Նրանք սկզբում նշել են, թե համաձայն են կատարել պահանջը, բայց որոշ ժամանակ անց՝ երեկոյան ժամին, ագրեսիվ պահվածք դրսևորելով, դիտավորյալ հրահրել են ծեծկռտուք և մի քանի տասնյակ զինծառայողների խմբով հարձակվել ՀՀ զինծառայողների վրա: Ընդհանուր առմամբ, միջադեպը տևել է 20-30 րոպե, ինչից հետո ադրբեջանական զինվորականները ստիպված լքել են նշված տարածքը:

ՄԻՊ-ը ադրբեջանական զինված ծառայողների նկարագրված կոնկրետ արարքը դիտարկում է` որպես լուրջ սադրանք, որն իրականում ուղղված է ՀՀ Սյունիքի գյուղերի քաղաքացիական բնակչության դեմ` հաշվի առնելով Խոզնավար գյուղի ուղղությամբ անօրինական առաջանալու նրանց փորձը:

ՄԻՊ-ն ադրբեջանական զինված ուժերի ծառայողների այս արարքները դիտարկում է 2021թ. մայիսի 12-ին ու 13-ին ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժելու և Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հովիվներին զենքի ցուցադրումով սպառնալու, սահմանային հատվածներում` գյուղերի հարևանությամբ սադրանքներ հրահրելու, քաղաքացիական բնակչության մոտ լարվածություն առաջացնելու համատեքստում:

Այսինքն` ադրբեջանական զինվորականների այս բոլոր բացահայտ անօրինական, քրեորեն պատժելի արարքները պետք է դիտարկել միասնական դիտավորության մեջ:

«Անհրաժեշտ է նաև հատուկ ընդգծել, որ նշված միջադեպերը հրահրող ու տարբեր սադրանքներ ձեռնարկող ադրբեջանական զինված ծառայողների գերագույն գլխավոր հրամանատարը Ադրբեջանի նախագահն է, ով անընհատ խոսում է Հայաստանի ողջ բնակչության, հայ ժողովրդի մասին սպառնալիքների լեզվով, ուղերձներով ու քաղաքականությամբ խրախուսում է թշնամանք ու հայատյացություն:

Միջազգային կառույցները պետք է այս գործոնների միջև իրական կապը պարտադիր հաշվի առնեն և նոր գնահատեն, թե ով է իրականում խաթարում խաղաղությունն ու անդորրը տարածաշրջանում, որոնք են մարդու իրավունքների խախտումների ու վայրագությունների իրական պատճառները:

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը»,-ասվում է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սև լճի մոտակայքում մայիսի 20-ի երեկոյան Հայաստանի և Ադրբեջանի զինծառայողների միջև տեղի ունեցած վիճաբանության հետևանքով հայ զինծառայողներ են հոսպիտալացվել։

Ավելի վաղ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, սըտ որի Մայիսի 20-ի երեկոյան, հայկական և ադրբեջանական սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներով տարածվող՝ հայ և ադրբեջանցի զինվորականների մասնակցությամբ տեսանյութերի պատճառաբանությամբ, Սև լճի մերձակայքում, տեղի է ունեցել վիճաբանություն, որը հարթվել է վերադաս հրամանատարության ջանքերով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---