16 մարտի 2009 - 18:29 AMT
Բունեոս-Այրեսում բացվեց բրազիլահայ լուսանկարիչ Ստեփան Նորայր Շահյանի աշխատանքների ցուցահանդեսը
Մարտի 13-ին Բուենոս-Այրեսի Հայ Բարեգործական Ընդհանուր Միության «Սարգիս Բենկլյան» սրահում բացվեց բրազիլահայ տաղանդավոր երիտասարդ ճարտարապետ եւ լուսանկարիչ Ստեփան Նորայր Շահյանի ցուցահանդեսը:

«ԷքսպոԱրմենիա» խորագիրը կրող Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը, որը կազմակերպվել է Բուենոս Այրեսի ՀԲԸՄ վարչության նախաձեռնությամբ եւ «Ռիթեքս» ընկերության ֆինանսական աջակցությամբ, հովանավորվում է Արգենտինայում Հայաստանի Հանրապետության եւ Բրազիլիայի դեսպանությունների, ինչպես նաեւ Արգենտինայի ու Հայաստանի Մշակույթի նախարարությունների կողմից:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը կատարեցին Արգենտինայում ՀՀ դեսպան Վ. Կարմիրշալյանը եւ «Ռիթեքս» ընկերության նախագահ, ազգային բարերար Ա. Էքսերջյանը: Ներկաների թվում էին արգենտինահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հասարակական եւ մշակութային գործիչներ, լրագրողներ, Բուենոս Այրեսում Հայաստանի եւ Բրազիլիայի դեսպանությունների աշխատակիցներ:

Ցուցահանդեսն ունի կարեւոր ճանաչողական նշանակություն: Այն 2009 թ. ընթացքում կշրջի ողջ երկրով` այցելելով թե' այնպիսի հայաշատ քաղաքներ, ինչպիսիք են Կորդոբան եւ Մար դե Պլատան, թե' Նեուկենի, Ռիո Նեգրոյի, Չիպոլետտիի, Միսիոնեսի նման փոքրիկ բնակավայրեր, որտեղ հայության թիվն ընդամենը մի քանի տասնյակ մարդ է կազմում: