Մարտի 19-31 Հայաստանում կկայանան Ֆրանկոֆոնիայի օրերը

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության` Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն ասոցացված անդամ դառնալու առթիվ մարտի 19-31-ը հանրությանը կներկայացվի Ֆրանկոֆոնիային նվիրված միջոցառումների լայնածավալ ծրագիր:Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում տեղի են ունենալու ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Աբդու Դիուֆի հովանու ներքո:Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի բացումը կիրականացվի ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի կողմից տրվող պաշտոնական ընդունելությամբ:



Մարտի 22-ին եւ 23-ին համերգներով համապատասխանաբար հանդես կգան «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլի աստղ Գարուն եւ Ֆրանսիայի առաջատար ջազմեններից մեկը` Անդրե Մանուկյանը:



Մարտի 19-25-ը երեխաների համար կիրականացվի Հեքիաթի փառատոն, որի շրջանակներում Երեւանի Խնկո-Ապոր անվ. գրադարանում եւ Հովհ. Թումանյանի տուն-թանգարանում տեղի կունենան ֆրանսիացի, շվեյցարացի, բելգիացի եւ հայ հեքիաթների ընթերցանություններ: Դրա հետ մեկտեղ մարտի 20-21-ին կկազմակերպվեն շվեյցարացի գրող Ստեֆանի Կորին Բիլլի (1912-1979թթ.) հիշատակին նվիրված ընթերցանության երեկոներ շվոյցարուհի կոմիկական դերասանուհի Վալերիա Բերտոլոտտոյի մասնակցությամբ:



Հանրային հեռուստաընկերությունը եւ «Արարատ» մշակութային ալիքը հեռուստադիտողներին կներկայացնեն ֆրանսիական կինոյի շաբաթ, իսկ մարտի 22-ին «Երկու աստղ» երաժշտական հաղորդումը կնվիրվի ֆրանկոֆոնիային:Մարտի 21-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանը կկազմակերպի Ֆրանկոֆոն գովազդի օր: Մարտի 30-31-ին Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի կունենա «Տիեզերքի լեզվաբանական հայելին» թեմայով գիտաժողով:Հայաստանի բուհերում եւ դպրոցներում «Եկեք գնանք Ֆրանսիա» խորագրով ֆրանսերենի մրցույթի մեկնարկի առթիվ մարտի 25-ին տեղի կունենա Ֆրեդ Նեւչերհիլյանի համերգը:



Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերը կազմակերպվել են ՀՀ Արտաքին գործերի նախարարության, ՀՀ Մշակույթի նախարարության, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Բելգիայի եւ Ռումինիայի դեսպանությունների համատեղ ջանքերով: Միջոցառումների իրականացմանը մասնակցել են նաեւ Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանը, Ալիանս Ֆրանսեզ կազմակերպությունը եւ «Բլաք Բան» ընկերությունը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---