ՀԷՑ-ը՝ «Վեոլիա Ջրին»․ Էլէներգիա ենք տալիս ջրամատակարարման այլ ընկերությունների, որոնցից լարման շեղման բողոք չենք ստացել

ՀԷՑ-ը՝ «Վեոլիա Ջրին»․ Էլէներգիա ենք տալիս ջրամատակարարման այլ ընկերությունների, որոնցից լարման շեղման բողոք չենք ստացել

PanARMENIAN.Net - Ի պատասխան «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հաղորդագրության, ըստ որի էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով ընդհատումներ են առաջացել ջրամատակարարման համակարգի մի շարք պոմպակայանների աշխատանքում, «Հայաստանի էլեկտրական ցանցերը» տեղեկացրել է, որ ՀԷՑ-ն էլեկտրաէներգիա է մատակարարում բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկությունների, ջրամատակարարման այլ ընկերությունների, որոնցից լարման շեղման վերաբերյալ որևէ բողոք չի ստացել:

Վերջին օրերին Երևանում և մարզերում հաճախակի են դարձել ջրամատակարարման ժամանակացույցի խախտումները։ Ընդ որում հաճախ՝ սպառողն անջատումների մասին նախապես չի տեղեկացվում։ Հատկապես շատ են այդպիսի բողոքները Աջափնյակի, Մալաթիա-Սեբաստիա թաղամասերի բնակիչներից։ Ըստ «Վեոլիա Ջուր» ընկերության, ջրամատակարարման ժամանակացույցի խախտումները տեղի են ունենում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից մատակարարվող էլեկտրաէներգիայի լարման տատանումների պատճառով։

ՀԷՑ-ի հայտարարության մեջ ասվում է, որ «Վեոլիա Ջուր» ընկերությունը, որպես «Շոր-շոր» աղբյուրի պոմպակայանում պոմպի աշխատանքի անջատման պատճառ, նշում է լարման նվազումը՝ 6000 վ-ի փոխարեն՝ 5484 վ, ավելացնում նաեւ, որ 4 պոմպի փոխարեն աշխատում է 1-ը: Առաջինը, տվյալ դեպքում առկա է նորմատիվային, թույլատրելի շեղում, և երկրորդը, եթե մեկ պոմպը աշխատում է, ապա կարող են աշխատել նաև մնացած 3-ը: Լարման շեղման արդյունքում պոմպերը կա՛մ միանում են, կա՛մ՝ ոչ, և պոմպերի քանակն այստեղ նշանակություն չունի: Նույնը կարելի է ասել հաղորդագրության մեջ նշված մյուս օրինակների մասին:

«Ինչ վերաբերում է «Վեոլիա Ջուր» ընկերության կողմից էլեկտրամատակարարման լարման շեղումների մասին 15 օրվա կտրվածքով բողոքին, խնդրում ենք նկատի ունենալ, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը էլեկտրաէներգիա է մատակարարում Հայաստանում գործող բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկությունների, ոռոգման, ջրամատակարարման այլ ընկերությունների, որոնցից այս օրերին լարման շեղման վերաբերյալ որեւէ բողոք չի ստացել: Ավելին, մեր ընկերության մի շարք աշխատակիցներ, զանգահարելով «Վեոլիա Ջուր» ընկերության բաժանորդների սպասարկման տեղեկատվական կենտրոն, ճշտելու, թե որն է իրենց հասցեների ջրազրկման պատճառը, եւ պատասխան ստանալով, որ պատճառը լարման շեղումներն են, հնարավորություն են ունեցել չափելու լարումը և համոզվել են, որ շեղում չկա»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ ՀէՑ-ն անհրաժեշտության դեպքում պատրաստ է աջակցել և մասնագիտական խորհրդատվություն տրամադրել «Վեոլիա Ջուր» ընկերությանը պոմպակայանների բնականոն աշխատանքի վերականգնման համար:

Ջրամատակարարման խափանումները հատկապես մեծ անհարմարություններ են պատճառում սպառողների երկրում պահպանվող անսովոր բարձր ջերմային ֆոնի պատճառով, երբ ջերմաստիճանը հասնում է +40․․․+41 աստիճանի։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---