ԿԲ-ում կստեղծվի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր

ԿԲ-ում կստեղծվի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր

PanARMENIAN.Net - ՀՀ կենտրոնական բանկում առաջիկայում կստեղծվի բանկային բոլոր հաշիվների կենտրոնացված ռեեստր։ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքում լրացում կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ։

Նախագիծը ներկայացնող ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, անդրադառնալով այն մտավախություններին, որ դրանով կխախտվի բանկային գաղտնիքի իրավունքը, ասել է, որ այս նախաձեռնությամբ բանկային գաղտնիքի նորմերը չեն փոխվում։

Ըստ նրա՝ կենտրոնացված ռեեստրի ստեղծումը թույլ կտա կրճատել բանկերի, ֆինանսական կազմակերպությունների օպերացիոն ծախսերը։

Երիցյանն ասել է, որ բանկային հաշիվների շարժի կամ մնացորդի մասին տեղեկատվություն կենտրոնացված ռեեստրում չի լինելու: Հավաքագրվելու են միայն հաշվի համարներն ու անձի տվյալները՝ անուն-ազգանուն, այլ տվյալներ:

Նա հավելել է, որ ներկայացվող նախագծի արդյունավետությունը պայմանավորված է նրանով, որ իրավապահների հետ շփումներում կասկածի տակ են հայտնվելու ոչ թե բոլոր բանկներն ու հաշիվները, այլ միայն նրանք, որոնք վեճի առարկա են հանդիսանում։

Երիցյանն ասել է նաև, որ ռեեստրի ստեղծումը բխում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համաշխարհային չափանիշներից։ «Իսկ հետագայում այդ փոփոխությունները թույլ կտան զարգացնել նորարաական գաղափարներ, կապված, օրինակ, էլեկտրոնային դրամի ներմուծման հետ և այլն»,-ասել է նա։

Օրենքն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---