Փաշինյան․ Covid-19-ի դեմ 80,000 պատվաստում է արվել՝ բարդացման դեպք չի եղել

Փաշինյան․ Covid-19-ի դեմ 80,000 պատվաստում է արվել՝ բարդացման դեպք չի եղել

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակային իրավիճակի, դրա տարածումը կանխարգելող միջոցառումների և պատվաստումային գործընթացի վերաբերյալ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ 80,000 պատվաստում է արվել և բարդացման որևէ դեպք չի գրանցվել։

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ Հայաստանում վերջին ամիսներին համավարակի հետ կապված իրավիճակը կառավարելի է, բայց պետք է կենտրոնանալ նրա վրա՝ թե ինչ պետք է անել, որպեսզի չվերադառնանք 2020-ի հուլիսի, 2020-ի դեկտեմբերի, 2021-ի հունվարի ցուցանիշներին և կարողանանք հաղթահարել համավարակը:

«80,000 պատվաստումները ցույց տվեցին ի սկզբանե տարածվող վախի մթնոլորտի սնանկությունը, որովհետև, փառք Աստծո, մենք պատվաստման որևէ բարդացման դեպք չունեցանք, որը խնդրահարույց լիներ այդ առումով: Չնայած պետք է ասել, որ կարող էր նաև լինել, ինչը որևէ ձևով չէր փոխելու մեր վերաբերմունքն ընդհանուր պրոցեսի նկատմամբ: Որովհետև, ի վերջո, կա վիճակագրություն, կա հավանականություն, ի վերջո, եկեք արձանագրենք, որ նույնիսկ ամենապարզ համարվող բժշկական միջամտութունը որոշակի տոկոսներով կարող է բերել բարդացումների, ընդհուպ՝ մահվան ելքով բարդացումների: Բայց դա չի նշանակում, թե ընդհանրապես բժշկական սպասարկումը մենք պետք է դադարեցնեք կամ բժշկական սպասարկման կամ առողջապահական համակարգերի դեմ քարոզչություն իրականացնենք»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը նշել է նաև, որ հետահայաց նայելով՝ կարող է ասել, որ հայեցակարգային առումով ՀՀ-ն ճիշտ է ընկալել իրավիճակը, և ճիշտ որոշումներ են կայացվել:

«Իհարկե, պրակտիկայում ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ՝ սկսած բոլորիս կարգապահությունից և հանրային կարգապահության առումով: Հիմա ես էլ եմ արձանագրում, որ մենք խորհրդակցություններ անելիս երբեմն դիմակով ենք, երբեմն առանց դիմակի, և երևի պետք է այս խորհրդակցության գործնական արդյունքը լինի այն, որ մենք բոլորս առաջին հերթին մեր օրինակով կանոնները պահպանենք, որպեսզի հանրության համար էլ այդ ուղերձները տեսանելի լինեն, որ խնդիրը լուծված չէ, և մենք պետք է որևէ կերպ մեր զգոնությունը չթուլացնենք»,-ասել է նա:

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակը 2021թ. հունիսի 30-ի դրությամբ։ Ավանեսյանի խոսքով՝ ընթացիկ վիճակը կառավարելի է, ըստ ԵՄ չափանիշների՝ Հայաստանը գտնվում է «կանաչ» գոտում, բայց վերջին 14 օրվա համեմատականը ցույց է տալիս, որ Covid-19 դեպքերի աճ կա, և կանխարգելիչ միջոցառումները միտված են իրավիճակի կառավարելիությունը պահպանելուն:

Անդրադառնալով պատվաստումային գործընթացին՝ ԱՆ պաշտոնակատարը զեկուցել է, որ ՀՀ-ում պատվաստանյութերով հագեցվածությունը բավարար մակարդակի վրա է, առաջիկայում նախատեսվում է նոր խմբաքանակով պատվաստանյութերի ներկրում, և խոսքը ոչ միայն մեր երկրում արդեն իսկ առկա պատվաստանյութերի, այլև Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաստատված մյուս տեսակի պատվաստանյութերի ձեռքբերման մասին է: Ավանեսյանն ընդգծել է, որ մեկ անգամ կորոնավիրուսով վարակվելը չի պաշտպանում կրկնավարակից, և Covid-19-ից պաշտպանվելու համար պարտադիր պետք է պատվաստվել:

Փաշինյանը նշել է, որ պետք է հանրային լայն իրազեկում իրականացնել, խթանել պատվաստումային գործընթացը, որի առաջամարտիկը պետք է լինեն պետական կառավարման համակարգը և բժշկական հաստատությունները:

Հունիսի 30-ի դրությամբ ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի 225,095 դեպք, բուժում է ստանում 2704 անձ (1.2 տոկոս), առողջացել է 216,718 անձ (96.3 տոկոս), մահացել է 4514 անձ (2 տոկոս), մահվան ելքեր այլ պատճառով՝ 1099 անձ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---