Վերաքննիչն անվավեր է ճանաչել Արմավիրի մարզպետի որոշումը՝ դպրոցի տնօրենին պաշտոնից ազատելու մասին

Վերաքննիչն անվավեր է ճանաչել Արմավիրի մարզպետի որոշումը՝ դպրոցի տնօրենին պաշտոնից ազատելու մասին

PanARMENIAN.Net - Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը պարտվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանում, որտեղ վիճարկում էր «Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Աստղիկ Մխիթարյանին աշխատանքի վերականգնելու դատարանի վճիռը:

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը 2020թ. հոկտեմբերի 13-ին աշխատանքից ազատել էր «Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Աստղիկ Մխիթարյանին՝ մի շարք խախտումների և նրա նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառաբանությամբ:

Աստղիկ Մխիթարյանը դիմել էր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որը փետրվարի 12-ին բավարարել էր Մխիթարյանի հայցադիմումն ընդդեմ մարզպետի:

Դատարանն անվավեր է ճանաչել մարզպետի որոշումը՝ Մխիթարյանին տնօրենի պաշտոնից ազատելու և նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին: Դատարանը վճռել է Աստղիկ Մխիթարյանին վերականգնել նախկին աշխատանքում՝ տնօրենի պաշտոնին, ինչպես նաև՝ Արմավիրի մարզպետարանից հօգուտ Աստղիկ Մխիթարյանի բռնագանձել վերջինիս փաստացի աշխատանքի վերականգնելու օրը միջին աշխատավարձի չափով հաշվարկվող հարկադիր պարապուրդի գումարը, գրում է «Հետքը»։

Մինչև վճռի կայացումը՝ փետրվարի 1-ին, Արմավիրի մարզպետը դպրոցի տնօրեն է նշանակել Լիլիթ Պետրոսյանին:

Մաթևոսյանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել առաջին ատյանի դատարանի վճռի դեմ, սակայն Վերաքննիչը հուլիսի 9-ին որոշել է մերժել մարզպետի բողոքը:

Ի թիվս այլի, մարզպետի բողոքում նշվել է, որ «Վաղարշապատի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի» տնօրենի պաշտոնի համար անցկացվել է մրցույթ և այդ պաշտոնում նոր տնօրեն է նշանակվել, ինչն Աստղիկ Մխիթարյանի նախկին աշխատանքում վերականգնումն անհնարին է դարձնում:

Դատարանը Մաթևոսյանի այդ փաստարկն անհիմն է համարել, քանի որ տվյալ հաստիքն աշխատանքային պայմանագրով այլ անձի կողմից զբաղեցնելու հանգամանքն օբյեկտիվորեն անհնար չի դարձնում իրավունքը խախտված աշխատողին տվյալ հաստիքում աշխատանքի վերականգնելը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---