Նախագահն ընդունել է «Էյր Արաբիայի» ղեկավարներին․ Ընկերության մասնակցությամբ հայկական ազգային ավիափոխադրող կհիմնվի

Նախագահն ընդունել է «Էյր Արաբիայի» ղեկավարներին․ Ընկերության մասնակցությամբ հայկական ազգային ավիափոխադրող կհիմնվի

PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային փոխադրող «Էյր Արաբիա» ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ, շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանիին և ընկերության տնօրեն Ադել Աբդուլլահ Ալ Ալիին:

Մերձավոր Արևելքի ու Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանների ամենախոշոր ավիափոխադրող «Էյր Արաբիան» և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը հուլիսի 14-ին ստորագրելու են հայկական նոր ազգային ավիաընկերության ստեղծման վերաբերյալ համաձայնագիր:

Ավափոխադրումների, օդային հաղորդակցության ոլորտում հայ-էմիրաթական համագործակցության վերաբերյալ առաջին քննարկումները տեղի են ունեցել ԱՄԷ-ում, նախագահ Արմեն Սարգսյանի և Շարժայի կառավարիչ, շեյխ, դոկտոր Սուլթան բին Մոհամմեդ Ալ Քասիմիի հանդիպման ժամանակ:

Նախագահ Սարգսյանը ողջունել է գործակցությունը միջազգային խոշոր ավիափոխադրողի հետ և հայկական ազգային ավիաընկերության ստեղծումը՝ գոհունակություն հայտնելով, որ Արաբական Միացյալ Էմիրություններ իր այցերի ընթացքում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները երկկողմ հետևողական աշխատանքի և շարունակական ջանքերի շնորհիվ կյանքի են կոչվում:

«Հայաստանը ներկայումս բավականին բարդ ժամանակահատված է ապրում: Մենք գնահատում ենք մեր բարեկամներին, ովքեր հատկապես այս փուլում մեր կողքին են, նոր համագործակցություն ու նոր նախագիծ են սկսում Հայաստանում: Մենք արաբական երկրների հետ ջերմ բարեկամական հարաբերություններ ունենք, և ձեր ներկայությունն այս նախագծում դրա մասին է վկայում: Ակնկալում ենք ավելի շատ նախագծեր ու նախաձեռնություններ»,-ասել է Սարգսյանը:

Շեյխ Աբդուլլահ բին Մոհամեդ ալ Թանին ասել է, որ բարձր է գնահատում հայ-էմիրաթական միջպետական հարաբերությունները և այն զարգացնելու ուղղությամբ անձամբ նախագահ Սարգսյանի ջանքերը: Նա ընդգծել է, որ երկու կողմից էլ առկա էր համագործակցությունը զարգացնելու մեծ հետաքրքրվածություն, ինչն էլ հիմք հանդիսացավ համատեղ նոր նախագիծը կյանքի կոչելուն:

«Էյր Արաբիայի» տնօրենների խորհրդի նախագահը վստահություն է հայտնել, որ օդային նոր կամուրջը և հատկապես էմիրաթական ավիաընկերության մասնակցությամբ հայկական ազգային ավիափոխադրողի հիմնումը կդառնան Հայաստանի և ԱՄԷ միջև առևտրատնտեսական և գործարար կապերի ամրապնդմանն ուղղված ևս մեկ հուսալի քայլ:

«Էյր Արաբիայի» ղեկավարությունն ու Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին տեղեկություներ են ներկայացրել նախատեսվող աշխատանքների ու ծրագրերի մասին: Նշվել է, որ հայկական ազգային փոխադրողի թռիչքների իրականացումը նախատեսվում է արդեն հաջորդ տարի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---