Վլադիմիր Հակոբյանը զրկեց Արման Փաշիկյանին Եվրոպայի անհատական առաջնությունում հաղթելու շանսից

PanARMENIAN.Net - Ավարտվեցին մարտի 6-18 Սանքտ Պետերբուրգում կայացած Եվրոպայի անհատական առաջնության 11 հիմնական փուլերը:



Հայ շախմատիստներից վերջին փուլից առաջ միայն Արման Փաշիկյանն էր պահպանում հաղթելու շանսերը: Եթե մրցաշարի առաջատարները ոչ ոքի խաղային վերջին փուլում, իսկ Փաշիկյանը հաղթեր իր հայրենակից Վլադիմիր Հակոբյանին, ապա կհայտնվեր առաջատարների խմբում եւ կընդրկվեր լրացուցիչ պարտիաներում պայքարի մեջ, որոնց արդյունքում էլ կորոշվի հաղթողը:



Վերջին փուլում, որքան էլ դա քիչ հավանական թվա, բոլոր առաջնորդները ոչ ոքի խաղացին իրենց մրցակիցների հետ, սակայն Փաշիկյանը միավորները կիսեց Հակոբյանի հետ, եւ հավաքելով 7,5 միավոր, կշարունակի պայքարը միայն թայ-բրեքում` աշխարհի հաջորդ առաջնությանը մասնակցելու իրավունքի համար: Հայաստանի ներկայացուցիչներից Տիգրան Պետրոսյանը, հաղթելով վերջին փուլում, հավաքեց նաեւ 7,5 միավոր եւ նվաճեց աշխարհի առաջնության որակավորման պարտիաներում պայքարելու իրավունք: Որակավորման փուլերում Փաշիկյանն ու Պետրոսյանը կհանդիպեն համապատասխանաբար ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուի եւ ռուսաստանցի Ալեքսեյ Դրեեւի հետ:



Վլադիմիր Հակոբյանը 7 միավորով ավարտեց մրցաշարը 37-րդ տեղում: 11-րդ փուլում միակ պարտությունը կրեց Զավեն Անդրեասյանը` զիջելով ռումինացի Լուպուլեսկուին: Անդրեասյանի հաշվին 6,5 միավոր է: Ոչ ոքի հաշվով են ավարտվել Արտաշես Մինասյանի (6,5 միավոր) ու Տիգրան Քոթանջյանի (6 միավոր) պարտիաները: Արթուր Չիբուխչյանը, չնայած ռումինացի Անդրե-Միխայ Բոնտեի հանդեպ տարած հաղթանակին, 5,5 միավորով եզրափակում է հայ շախմատիստների խումբը: Եվրոպայի անհատական առաջնության հաղթողի տիտղոսի համար կպայքարեն 11 շախմատիստներ, որոնք հավաքել են 8 միավոր:



Բացի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսից, Շախմատի եվրոպական միության որոշմամբ եւ ըստ ՖԻԴԵ-ի կանոնների, մրցաշարում կխաղարկվի աշխարհի առաջնության 22 ուղեգիր:



Հիշեցնենք, որ մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 120 000 եվրո, որից առաջին տեղի համար` 15 000 եվրո, երկրորդ տեղի համար` 12 000 եվրո, 3-րդ տեղի համար` 10 000:



Թայ-բրեքի բոլոր պարտիաներն այսօր տեղի կունենան, որի ավարտին տեղի կունենա մրցաշարի փակման արարողությունը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---