Կամերային թատրոնը բաց նամակով դիմել է Փաշինյանին․ «Թույլ մի տվեք, որ մեզանից խլեն մեր զենքը»

Կամերային թատրոնը բաց նամակով դիմել է Փաշինյանին․ «Թույլ մի տվեք, որ մեզանից խլեն մեր զենքը»

PanARMENIAN.Net - Պետական կամերային երաժշտական թատրոնի կոլեկտիվը բաց նամակով դիմել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ իր գործունեության 32 տարիների ընթացքում թատրոնը վաստակել է իր հավատարիմ հանդիսատեսի սերն ու վստահությունը և պետք է ապրի ու ստեղծագործի իր տանը:

«Թույլ մի՛ տվեք, որ մեզանից խլեն մեր զենքը»,-ասվում է նամակում։

Դրանում նշվում է, որ այսքան ճակատագրական ու բախտորոշ ժամանակահատվածում շատ կարևոր է, որ մեր թիկունքն ամուր լինի, ամուր՝ ոգով ու կամքով, թիկունք, որը կոփվում է արվեստի և մշակույթի միջոցով:

«Այսօր փորձ է արվում խարխլել այդ թիկունքի ամրությունը: Փորձ է արվում փակել հայ մշակույթի օջախ՝ թատրոն: ԿԳՄՍՆ պատրաստվում է միավորել Երևանի պետական կամերային երաժշտական ու Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնները՝ հիմնվելով մեկ ընդհանրության՝ անվանումներում առկա երաժշտական բառի վրա:

2 թատրոնների միավորման արդյունքում շենքը կտրամադրվի Պետական սիմֆոնիկ նվագախմբին՝ որպես փորձատեղի։ Հետպատերազմյան մեր երկրի համար թատերական միավորի ոչնչացումը որևէ դրական արդյունք չի կարող ունենալ: Սա թիկունքից հարված է մեր երկրին ու անվտանգությանը, քանի որ ապագա զինվորն ու սահմանապահը հենց թատրոնում, թանգարանում ու համերգասրահում է դառնում հայկականի կրողն ու անձնուրաց պաշտպանը:

Մշակութային օջախները չե՛ն կարող լինել ավելորդ, չե՛ն կարող լինել շատ և բեռ պետության համար, դրանք օդ ու ջրի պես անհրաժեշտ են առողջ, ուժեղ և կայացած հասարակություն կրթելու և ձևավորելու համար: Հատկապես այն դեպքերում, երբ չունեն հանդիսատեսի պակաս, պարտաճանաչորեն կատարում են իրենց հարկային պարտավորությունները և տարին տարվա վրա հանդես են գալիս նոր ասելիքով»,-ասվում է նամակում։

Նշվում է, որ Պետական կամերային երաժշտական թատրոնն այս չափանիշերով աշխատող միավոր է և պարզապես անհասկանալի է այս տեսակ կառույցի հետ նման կերպ վարվելու շարժառիթները:

«Պետություն, մշակույթ, բանակ այս եռամիասնությունն է, որ պիտի մեր երկրի ապագան ավելի անվտանգ ու լուսավոր դարձնի: Տարիներ շարունակ հայ մշակույթի զարգացման գործում իրենց անուրանալի վաստակն ու ներդրումն ունեցած բազմաթիվ արվեստագետներ այսօր ակնկալում են Ձեր աջակցությունը:

Հ․ գ․ Հաշվի առնելով սահմանին տիրող իրավիճակը՝ Պետական կամերային երաժշտական թատրոնը չի ձեռնարկում նախապես պլանավորած բողոքի ակցիաները՝ էլ առավել չսրելու համար երկրում արդեն իսկ լարված իրավիճակը։ Մենք լիահույս ենք, որ ԿԳՄՍՆ հարցին կվերաբերվի նույն տրամաբանությամբ և սահմանային լարվածությամբ հարկադրված մեր լռությունը չի օգտագործի՝ որպես պատեհ ժամանակահատված ու առիթ 2 թատրոնների անընդունելի ու անհասկանալի միավորումն օր առաջ իրականություն դարձնելու համար։ Սա կլինի հարված թիկունքից, ինչը որևէ բարոյական բացատրություն չի կարող ունենալ»,-ասվում է բաց նամակում։

Հուլիսի 23-ին Պետական կամերային երաժշտական թատրոնի դերասանները հավաքվել էին ԿԳՄՍ նախարարության մեջ՝ իրենց բողոքն արտահայտելու թատրոնների միավորման որոշման դեմ: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպումից հետո Պետական կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամսոն Ստեփանյանը, անդրադառնալով Հ․Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Պետական կամերային երաժշտական թատրոնների միավորման որոշմանը, ասել է, որ նախարարի հետ հանդիպումն իրեն չի գոհացրել, որովհետև համաձայն չեն նախարարության կողմից առաջարկվող լուծման հետ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---