Գիտնականները հերքել են միֆը. Covid-19-ի դեմ պատվաստանյութը չբերություն չի առաջացնում

Գիտնականները հերքել են միֆը. Covid-19-ի դեմ պատվաստանյութը չբերություն չի առաջացնում

PanARMENIAN.Net - Գիտնականները հերքել են այն միֆը, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը չբերություն է առաջացնում։ Արդեն մի քանի ամիս է նման պնդումներ են շրջանառվում սոցցանցերում, ընդ որում, խոսվում է ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց վերարտադրողական ունակությունների համար վտանգների մասին, գրում է Deutsche Welle-ն։

Նշվում է, որ նման մտավախություններին սոցցանցերում նաև կենսաբանական բացատրություն է տրվում՝ պատվաստանյութի ազդեցության արդյունքում հակամարմինները, իբր, կարող են ոչ միայն ոչնչացնել կորոնավիրուսը, այլ նաև հարված են հասցնում սպիտակուցին, որը մասնակցում է արգանդում ընկերքի ձևավորմանը։

Գիտնականները հատուկ հայտարարության մեջ նշում են, որ, եթե նման ենթադրությունները տեղին են, ապա «Covid-19-ն էլ կհանգեցներ դրան այս կամ այն չափով»։ Հայտարարությունը ստորագրել են Եվրոպական վերարտադրողական իմունոլոգիայի ընկերակցության նախագահ, Յենայի համալսարանական հիվանդանոցի ընկերքի լաբորատորիայի ղեկավար Ուդո Մարքերտը և նրա գործընկեր՝ Յենայի համալսարանական հիվանդանոցի ծննդատան տնօրեն և Գերմանիայի պերինատալ բժշկության ընկերակցության փոխնախագահ Էքքեհարդ Շլոյսները։

«Ընկերքի ուսումնասիրության և վերարտադրողական բժշկության տեսակետից այդ տարածված պնդումները բոլորովին անհիմն են»,-նշում են բժիշկները և հորդորում կանանց պատվաստվել։

Սակայն, նշվում է, որ անհիմն եզրակացություններն ու կեղծ հայտարարություններն այս հարցում հուզում են նաև տղամարդկանց։ Սոցցանցերում նաև լուրեր են տարածվում տղամարդկանց ֆերտիլության վրա պատվաստանյութերի բացասական ազդեցության մասին։ ԱՄՆ-ում անցկացված հետազոտության արդյունքները, սակայն, վկայում են՝ գիտնականներն ուսումնասիրել են 45 տղամարդու սերմնահեղուկը մՌՆԹ-պատվաստանյութով պատվաստումից առաջ և հետո և չեն կարողացել ոչ մի բացասական ազդեցություն գտնել տղամարդու վերարտադրողական ֆունկցիայի վրա։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---