ԱՆ-ն ներկայացրել է Covid-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր հակացուցումները

ԱՆ-ն ներկայացրել է Covid-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր հակացուցումները

PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Covid-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումները:

Նշվում է, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում:

«Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է:

Անաֆիլաքսիան պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիան է` տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ»,-ասվում է ԱՆ հաղորդագրության մեջ:

Պատվաստման ժամանակավոր հակացուցումներ են՝ սուր հիվանդությունները՝ միջին և ծանր ընթացքով, ինչպես նաև քրոնիկ հիվանդությունների սրացումը:

Նշվում է նաև, որ հղիությունը պատվաստման հակացուցում չէ. հղիները ներառվել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ռիսկի խմբերում:

Խորհուրդ չի տրվում հետաձգել հղիության պլանավորումը կամ էլ պատվաստման պատճառով ընդհատել հղիությունը: Եթե հղին պատվաստվել է առանց տեղեկացված լինելու հղիության մասին, ապա պատվաստումն անվտանգ է մոր և պտղի առողջության համար և հղիությունն ընդհատելու ցուցում չէ։

COVID-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները սահմանվում են միայն առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, տեղամասային բժշկի կողմից:

Պատվաստման բժշկական հակացուցման վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է ամբուլատոր քարտում, որի հիման վրա անձին տրամադրվում է քաղվածք` ըստ պահանջի ներկայացնելու համար:

Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 8-ի դրությամբ` կատարվել է 194902 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 132529, երկրորդ դեղաչափ` 62373։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---