Վարչապետ․ Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է

Վարչապետ․ Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների խորացումը կամ կարգավորումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու։

«Հայաստանը համոզված է, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության, անվտանգության ու տնտեսական զարգացման համար առանցքային են հարևան երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը և/կամ զարգացումը», - ասել է Փաշինյանը։

Անթույլատրելի համարելով թշնամանքի մթնոլորտի հետագա խորացումը տարածաշրջանում՝ Փաշինյանն ասել է, որ դա սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլև միջազգային անվտանգությանը:

«Թե թշնամության մթնոլորտի խորացումը ինչպիսի դրսևորումների կարող է հանգեցնել, տեսանք Բաքվի այսպես կոչված «ավարի պուրակի» օրինակով, որը, կարծում եմ, անարգանք է մեր տարածաշրջանի և տարածաշրջանային քաղաքակրթության հասցեի», - ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ թշնամության հաղթահարումը պետք է դառնա ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգի կարևորագույն բաղադրիչը:

Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունները վերսկսելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահության կոչին, հայտարարել է նաև, որ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում ներգրավվել թե բարձր, թե բարձրագույն մակարդակում, և սպասում է կոնկրետ առաջարկների։Նա նշել է նաև, որ խաղաղ դարաշրջան բացելու ժողովրդից ստացած մանդատը կյանքի կոչելու համար կառավարությունը պետք է լինի «առավելագույնս ակտիվ և ճկուն»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---