ՌԴ-ն չի շտապի «Թալիբանի» ճանաչման հարցում

ՌԴ-ն չի շտապի «Թալիբանի» ճանաչման հարցում

PanARMENIAN.Net - Ռուսաստանը չի շտապի Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ մտած «Թալիբան» շարժման ճանաչման հարցում։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի Աֆղանստանի գծով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ ԱԳՆ Երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում։

Նա ասել է, որ դա կախված կլինի այն հանգամանքից, թե ինչ պատասխանատվությամբ կղեկավարեն երկիրը թալիբները, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Այդ հարցում ոչ ոք շտապել չի պատրաստվում։ Ճանաչումը կամ չճանաչումը կախված կլինի նոր իշխանությունների վարքից։ Մենք ուշադիր հետևելու ենք, թե ինչ պատասխանատվությամբ են նրանք կառավարելու երկիրը առաջիկայում։ Եվ ըստ այդմ ՌԴ ղեկավարությունն անհրաժեշտ եզրակացություններ կանի»,-ասել է նա։

Օգոստոսի 15-ին ՌԴ-ում արգելված «Թալիբան» շարժման կազմավորումները մուտք գործեցին մայրաքաղաք Քաբուլ բոլոր ուղղություններով։ Թալիբները հայտարարել են, որ վերահսկում են երկրի ամբողջ տարածքը։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին լքել է երկիրը։ Թալիբներն իրենց դրոշն են բարձրացրել նախագահական պալատի վրա։ ՆԳ նախարարի պաշտոնակատար Աբդուլ Սատտար Մարզակվալը հայտարարել է, որ «իշխանափոխությունը խաղաղ է տեղի ունեցել»։ Արևմտյան երկրների դեսպանատների աշխատակիցների մեծ մասը հեռացել է երկրից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---