ՄԻՊ. Կոպիտ սխալ է սահմանային հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկել

ՄԻՊ. Կոպիտ սխալ է սահմանային հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկել

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կոպիտ սխալ է համարում պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից դիտարկելը: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Պետությունն այդ կերպ ինքն իրեն դնում է սահմանափակումների մեջ, ստիպված է լինում դիմել միայն միջազգային ռազմաքաղաքական ատյաններ, դառնում է աշխարհաքաղաքական գործընթացների զոհ և չի կարողանում պատշաճ պաշտպանել իր բնակչությանը, նրա իրավունքներն ու ազատությունները: Ակնհայտ է, որ ադրբեջանական իշխանությունները միայն օգտվում են դրանից:

Ադրբեջանական զինված ծառայողներին մեր գյուղերի մոտից և ճանապարհներից հեռացնելու գործողությունների հիմքում պետք է դնել նաև մարդու, սահմանային կոնկրետ բնակչի իրավունքների պաշտպանությունը ու այդ հիմքով պետք է օգտագործել միջազգային մեխանիզմները (հատուկ սահմանների հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան և այլն)»,-ասվում է գրառման մեջ:

ՄԻՊ-ը նշել է նաև, որ մարդու իրավունքների խախտումների փաստերը լիարժեք թույլ են տալիս հիմնավորել, որ ինքնին նրանց ներկայությունը կյանքի, ազատ տեղաշարժի և միջազգայնորեն երաշխավորված մյուս կենսական իրավունքների կոպիտ խախտում է:

«Դա Կառավարությանը, մեր պետությանը հնարավորություն կտա լայնորեն օգտվել մարդու իրավունքների միջազգային մեխանիզմներից, դիվերսիֆիկացնել այդ մեխանիզմները և նաև այդ կերպ ուժեղացնել քաղաքական ու ռազմական բաղադրիչները:

Դա հնարավորություն կտա նաև պաշտպանել մեր զինծառայողների կյանքի իրավունքը:

Անվտանգություն չի նշանակում միայն քաղաքական ու ռազմական, այն առաջին հերթին մարդու, սահմանային բնակչության անվտանգ կյանքի և իրավունքների համար է», - ասված է ՄԻՊ հայտարարությունում։

Օգոստոսի 25-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը: Նշված հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները տարհանվել են։ ԱԱԾ-ն հայտարարել է, որ աշխատանքներ են իրականացվում ճանապարհը բացելու, մարդկանց և տրանսպորտային միջոցների տեղաշարժի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի զինծառայողները փակել են նաև Սյունիքի մարզի Գորիսից Որոտան տանող ճանապարհը (լուսանկարի հատվածն է): Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՄԻՊ Արման Թաթոյանը՝ հավելելով, որ փաստը հաստատվել է Մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող ահազանգերի ստուգմամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---