ՄԻՊ․ Ադրբեջանցիները հափշտակել են 8 մլն դրամ վարկով գնված կենդանիների մեծ մասին

ՄԻՊ․ Ադրբեջանցիները հափշտակել են 8 մլն դրամ վարկով գնված կենդանիների մեծ մասին

PanARMENIAN.Net - Վայոց ձորի մարզի Սերս գյուղի «Գոգի լեռ» կոչվող սարատեղում արածող 110 խոշոր եղջերավոր կենդանիներից 80-ը մոտեցել են ադրբեջանական դիրքին, որից 75-ը զինծառայողները հափշտակել են ու չեն վերադարձրել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՄԻՊ Արման Թաթոյանը։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 16-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում: Այդ մասին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգել են երկու տուժածը։

Նրանք տեղեկացրել են, որ իրենք մոտ 800-900 մ հեռավորությունից նկատել են, թե ինչպես են ադրբեջանական 3 զինծառայող դուրս գալիս իրենց խրամատից և մոտենում կենդանիներին: Այդ ընթացքում նրանք հեռվից շարունակել են հետևել ադրբեջանական զինծառայողների արարքին, որոնցից մեկը մոտ 300 մ առաջացել է և ձորակից քշել, բարձրացրել է կենդանիներին, որից հետո արդեն երեքով տարել են կենդանիներին:

Ադրբեջանական զինծառայողները եղել են զինված, սակայն իրենք վտանգի պատճառով չեն մոտեցել նրանց և չեն կարողացել հետ վերադարձնել կենդանիներին:

Քաղաքացիները դիմել են Վայոց ձորի մարզպետարան, համայնքի ղեկավարին, ՀՀ սահմանապահ զորքերին և բանակային կորպուս: Մարզպետարանից այցելել են և արձանագրել կատարվածը և նշել, որ անհրաժեշտ է կենդանիների վերաբերյալ բանկի և համայնքից տեղեկանքներ ներկայացնել:

«Տուժած քաղաքացիների պնդմամբ՝ խոշոր եղջերավոր կենդանիներն իրենք ձեռք են բերել գյուղատնտեսական վարկի գումարով, որը կազմում է մոտ 8 մլն դրամ և չգիտեն, թե ինչ միջոցներով են շարունակելու վճարել վարկերը:

Մեր պետությունը պետք է միջազգային հարթակներում նախաձեռնի այնպիսի գործընթացներ, որոնք այս փաստերի օգտագործմամբ հնարավորություն կտան ադրբեջանական իշխանություններին պարտադրել հատուցել մարդկանց՝ նրանց նման խնդիրների առաջ կանգնեցնելու համար»,-ասվում է գրառման մեջ:

ՄԻՊ-ը գրություններ կհասցեագրի կառավարությանը։

«Հ․Գ․ 80 եղջերավոր կենդանիներին հետ վերադարձնելու համար քաղաքացիները հետաքրքիր քայլ են մտածել․ սահմանին են մոտեցրել նորածին հորթերի, որոնց արձակած ձայների արդյունքում բնազդով հետ է վերադարձել 5 խոշոր եղջերավոր կենդանի»,-ասվում է ՄԻՊ գրառման մեջ։

Ադրբեջանցի զինծառայողները բազմաթիվ նմանատիպ գործողությունների են դիմել նաև ՀՀ մյուս սահմանակից մարզերում՝ Գեղարքունիքում և Սյունիքում՝ նյութական մեծ վնաս պատճառելով հայ գյուղացիներին։ Ադրբեջանցիները նաև դիտավորությամբ հրկիզում են հայ գյուղացիների արոտավայրերը և խոտհարքերը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---