ՄԻՊ օգնական․ Ադրբեջանը մշտապես հրաժարվել է գործակցել անհետ կորածների հարցով

ՄԻՊ օգնական․ Ադրբեջանը մշտապես հրաժարվել է գործակցել անհետ կորածների հարցով

PanARMENIAN.Net - Հայաստանը բազմիցս պատրաստակամություն է հայտնել Կարմիր Խաչի ներգրավմամբ գործակցել Ադրբեջանի հետ՝ անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկությունների հարցով, սակայն այդ երկիրը մշտապես հրաժարվել է: Այդ մասին Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Անդրանիկ Եղոյանը հայտարարել է «Անհետ կորած անձանց միջազգային օր. 44-օրյա պատերազմում ունենք 243 անհետ կորած» թեմայով առցանց քննարկման ժամանակ։

«Միջազգային իրավական պահանջ է, որ հակամարտող կողմերը հակամարտությունից հետո պետք է փոխանակեն անհետ կործաների ճակատագրի վերաբերյալ տեղեկություններ: Նաև ԵԽԽՎ-ն է հայտնել այդ դիրքորոշումը: 2006թ. ԵԽԽՎ-ն Հայաստանին և Ադրբեջանին կոչ էր արել համագործակցել և անհետ կորած անձանց վերաբերյալ տեղեկություններով փոխանակվել»,- ասել է նա, տեղեկացնում է Factor.am-ը։

Եղոյանի դիտարկմամբ՝ եթե նոյեմբրի 10-ին ստորագրված փաստաթղթում նույնիսկ դրույթ չլիներ գերիների փոխանակման և անհետ կորածների մասին տեղեկությունների փոխանակման վերաբերյալ, միևնույն է, դա միջազգային իրավական պահանջ է:

«Ադրբեջանը պարտավոր է անմիջապես վերադարձնել գեիներին, մենք չպետք է թույլ տանք Ադրբեջանի իշխանություններին փաստերն աղավաղված ներկայացնել: Նրանք անընդհատ փորձում են գործընթացը քաղաքականացնել, ինչն անթույլատրելի է: Մենք այս հարցը պետք է դիտարկենք միայն մարդու իրավունքների դիտանկյունից»,- նշել է Եղոյանը՝ ընդգծելով, որ այս հարցում Ադրբեջանը խախտում է բոլոր միջազգային և մարդասիրական նորմերը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում օգոստոսի 26-ի իր ելույթի ժամանակ հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմում անհետ կորած անձանց թիվը 243 է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---