Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի շուրջ քվեարկություն առայժմ չի նախատեսվում

PanARMENIAN.Net - Անկախ այն բանից, արդյո՞ք ԱՄՆ նախագահը կայցելի Թուրքիա, թե` ոչ, դա չի հերքում այն փաստը, որ Հայոց ցեղասպանություն եղել է: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, ավելացնելով, որ իր հետ միասին շատ կոնգրեսականներ շարունակում են պաշտպանել իրենց տեսակետն այդ հարցի վերաբերյալ: Փելոսիի մամլո քարտուղար Բրենդան Դելին, իր հերթին, նշել է, որ չգիտի թե բանաձեւին կողմնակից կոնգրեսականների թիվը բավարար է արդյո՞ք Ներկայացուցիչների պալատում փաստաթուղթն ընդունելու համար: «Բայց ոչ ոք չի էլ ասում, որ մոտ ժամանակներս կարող է քվեարկություն կայանալ», - հայտարարել է նա:



Նենսի Փելոսին Հայոց ցեղասպանության մասին բանձեւի ակտիվ կողմնակիցն է: 2007 թվականին այդ բանաձեւը չի ներկայացվել քվեարկության` Ջորջ Բուշի վարչակազմի կողմից գործադրվող ճնշման պատճառով, գրում է Reuters-ը:

Դրա հետ մեկտեղ, գործակալությունը հիշեցնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման դեռ չի որոշել, թե «ցեղասպանություն» բառը կօգտագործի արդյո՞ք ապրիլի 24-ին ԱՄՆ-ի հայ համայնքին հղված իր ուղերձում:



Մարտի 17-ին ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Բանաձեւը, որի հեղինակներն են Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը եւ Ֆրենք Պալոունն ու Մարկ Քըրքը, ԱՄՆ նախագահին կոչ է անում Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ իրականացված գազանությունները, որոնք խլել են 1,5 մլն մարդու կյանք, ընդունել որպես ցեղասպանություն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---