Վերժինե Սվազլյանը պարգեւատրվել է «21-րդ դարի մեծագույն միտք» շքանշանով

PanARMENIAN.Net - Բանասիրական գիտությունների դոկտոր Վերժինե Սվազլյանը Հայաստանի մասին «Աշխարհի ժողովուրդների ֆոլկլորն ու կենցաղը» քառահատոր հանրագիտարանում հրապարակված հոդվածի համար պարգեւատրվել է Ամերիկյան կենսագրական ինստիտուտի «21-րդ դարի մեծագույն միտք» պատվավոր շքանշանով:



Հայաստանին նվիրված հոդվածում զետեղված է հայոց պատմահայր Մովսես Խորենացու աշխատանքների մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ Հայկի եւ Բելի, Արտաշեսի ու Սաթենիկի մասին առասպելները, Տիգրան Մեծի, գրիգոր Լուսավորչի հետ կապված պատմական փաստեր: Հոդվածը չէր կարող լիարժեք լինել առանց «Սասունցի Դավիթ» էպոսի հիշատակության: Դրանից բացի, հոդվածում տեղ են գտել ժողովրդական ասքեր, ասացվածքներ, թեւավոր խոսքեր` նվիրված հայերի կյանքի զանազան ոլորտներին ու պատմական իրադարձություններին: Հոդվածում իր տեղն են գտել Հայոց ցեղասպանության վկաների հնարած երգերը, որոնք պատմում են հայ ժողովդրի ապրած արյունալի իրադարձությունների մասին:



Հանրագիտարանում յուրաքանչյուր երկրին հատկացվել է 7-8 էջ: Հայաստանի մասին հոդվախի հեղինակ Վերժինե Սվազլյանի խոսքով, հանրագիտարանի հեղինակներն այնքան էին հետաքրքրվել իր աշխատանքով, որ 16 էջ էին հատկացրել նրան:



«Աշխարհի ժողովուրդների ֆոլկլորն ու կենցաղը» քառահատոր հանրագիտարանի երկրորդ հրատարակությունը հրապարակվել է Արկանզասի համալսարանի պրոֆեսոր Ուիլյան Կլեմենթսի խմբագրությամբ «Գրինվուդ» հրատարակչության կողմից 2006թ. անգլերեն լեզվով: Գրքի մեջ մտել են ամբողջ աշխարհի էթնոգրաֆների ավելի քան 200 աշխատանքներ: Հանրագիտարանի յուրաքանչյուր հատորը նվիրված է մայրցամաքներից մեկին եւ պարունակում է յուրաքանչյուր երկրի նկարագիրը, տեղեկություններ նրա մշակութային ժառանգության մասին, ինչպես նաեւ քարտեզներ եւ նիարազարդումներ: Հանրագիտարանի երրորդ հատորը նվիրված է Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրներին եւ սկսվում է Հայաստանի մասին ծավալուն հոդվածից:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---