ՀՀ-ն կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին

ՀՀ-ն կմասնակցի Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 23-27-ը Հայաստանն առանձին տաղավարով կմասնակցի ԱՊՀ երկրների տարածքում ամենահեղինակավոր և ծավալով ամենամեծ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսին: Դրա բացման պաշտոնական արարողությունը նախատեսված է սեպտեմբերի 24-ին:

Ավանդական դարձած մասնակցությունն այս տարի նվիրված է ՀՀ անկախության 30-ամյակին: Ծրագրի նպատակն է հայ գրականությունը և հայ գրողներին հանրահռչակելը, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։

Ցուցահանդեսին կներկայացվեն վերջին երկու տարում Հայաստանում և արտերկրում հրատարակված գրքեր, այդ թվում՝ գեղարվեստական, մասնագիտական, արվեստաբանական, հանրագիտարանային, պատմական, ալբոմային գրականություն:

Կներկայացվի նաև «Հայ գրականությունը թարգմանություններում» դրամաշնորհային ծրագիրը, որով ԿԳՄՍ նախարարությունն աջակցում է արտերկրի այն հրատարակչություններին, որոնք ցանկանում են իրենց երկրում օտար լեզվով հրատարակել հայ դասական և ժամանակակից գրականություն: Կներկայացվեն նաև այդ ծրագրով վերջին երեք տարիներին արտերկրում լույս տեսած 40-ից ավելի գրքերը՝ 17 լեզվով:

Ռուսաստանյան պատմագիտական հանրության նախագահ, ՌԴ գրականության, գրահրատարակչության և ընթերցանության կազմակերպական կոմիտեի նախագահ Ս. Ե. Նարիշկինի ղեկավարմամբ և համակարգմամբ հրատարակության է նախատեսվում ԱՊՀ երկրների ժողովուրդների գրականության բազմահատոր անթոլոգիա: Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի ընքացքում տեղի կունենան աշխատարան-քննարկումներ, որոնց նպատակն այդ հրատարակությունների պատշաճ կազմումն ու լույսընծայումն է: Այդ նախաձեռնության իրականացման համար ձևավորված խմբագրակազմի աշխատանքներին մասնակցելու համար Հայաստանից ևս ՌԴ կմեկնի խմբագիր-փորձագետ:

ՀՀ տաղավարը կներկայացնեն «ՀՀ Շիրակի մարզային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Ամիրյանը, «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրականության հանրահռչակման բաժնի վարիչ Արևիկ Քամալյանը, Երևանի «ԴՈՄ ՄՈՍԿՎԻ» կենտրոնի աշխատակից Սվետլանա Սահակյանը:

Ցուցահանդեսի ավարտից հետո ներկայացված գրքերը ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը կնվիրի Մոսկվայում ՀՀ դեսպանության գրադարանին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---