Վարչապետ․ Ադրբեջանին տվել ենք այն քարտեզները, որ ունենք՝ ուրիշ չկան

Վարչապետ․ Ադրբեջանին տվել ենք այն քարտեզները, որ ունենք՝ ուրիշ չկան

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Լիտվայում է։ Հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը նա վերահաստատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամությունը և անդրադարձել գերիներին վերադարձնելու ու ականապատ տարածքների քարտեզների հարցին:

«Մենք տվել ենք այն քարտեզները, որ ունենք, մենք ուրիշ քարտեզներ, նկատի ունեմ՝ արդեն իսկ փոխանցված տեղանքի առումով, ուրիշ քարտեզներ ուղղակի չունենք։ Եվ սա փաստ է, ու սա պետք է արձանագրել որպես իրողություն»,-ասել է նա։

Փաշինյանը նշել է, որ դեռ հուլիսին է հայտարարել, որ հայկական կողմը պատրաստ է և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ և արտգործնախարարների, և վարչապետ-նախագահ մակարդակով:

«Ենթադրվող առաջիկա հանդիպմանը ես պատրաստ եմ ինձ հետ տանել այն քարտեզները, որոնց մասին խոսք է գնում, իսկ խոսք է գնում այն քարտեզների մասին, որոնք Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում։

Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին։ Ադրբեջանի նախագահը բողոքում է, որ այդ քարտեզների որակը, որ նախկինում փոխանցել ենք, լավը չէ: Մենք երկու արձանագրում ենք անում` առաջինը. մենք տվել ենք այն քարտեզները, որ ունենք, այսինքն՝ այնպես չէ, որ լավ որակի քարտեզները պահել ենք դարակում, վատ որակի քարտեզները տվել ենք։ Ես չեմ բացառում և նաև գիտեմ, որ քարտեզների որակի հետ կապված խնդիր կա, ինչո՞ւ, որովհետև քարտեզի որակը կախված է քարտեզագրողի որակից, նրա պրոֆեսիոնալ հմտությունից, ինչ քարտեզագրել է, այն էլ ունենք։ Եվ մենք այստեղ անկեղծ ենք, բաց ենք, ու որևէ մեկին խաբելու մտադրություն չունենք, որովհետև այստեղ խոսքը ոչ միայն Ադրբեջանի մասին է, այլև մեր միջնորդ գործընկերների, որոնք մեր բարեկամ երկրներն են, մեր գործընկերներն են։ Սա պատվաբեր չի լինի, ուղղակի այդ իրավիճակում փորձ անել որևէ այլ բան այլ կերպ անել»,-ասել է նա։

Անդրադառնալով վստահության հարցին՝ Փաշինյանն ասել է, որ այս իրավիճակում Ադրբեջանը մեզ չի վստահում, մենք Ադրբեջանին չենք վստահում, և ամբողջ խնդիրն այն է, որ փորձենք փոքր քայլերով այնպես շարժվենք առաջ, որ գոնե ինչ որ վստահություն ձևավորվի։

«Այդ վստահությունն ինչո՞ւ է կարևոր, որ կարողանանք, այո, նաև հումանիտար հարցերն ավելի արագ լուծել, և մեր գերեվարված եղբայրներին օր առաջ վերադարձնել իրենց ընտանիքներ»,- նշել է վարչապետ Փաշինյանը։

Լիտվայում Փաշինյանը կայցելի Վիլնյուս և Կաունաս քաղաքներ։ Հայաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի, նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Սեյմասի նախագահ Վիկտորիա Չմիլիտե-Նիելսենի հետ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---